serzh-robert

Հուլիսի 1-ին տեղի ունեցած գործկոմի նիստում, որը վարել է Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը քննարկել է ներքաղաքական հարցեր, այդ թվում, համաձայն հաղորդագրության, ընդհանուր օրակարգի առկայությամբ տարբեր ուժերի հետ գործակցության հարցեր:

Նախօրեին էլ իր գրասենյակից դուրս գալիս իրեն սպասող լրագրողին է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ինչպես հնարավոր է դատել այդ ակտից՝ հանդիպման նպատակն է եղել ասելը, որ առաջիկայում նա պատրաստվում է առկա իրավիճակի վերաբերյալ լուրջ գնահատականի:

Ինչ է նշանակելու լուրջ գնահատական՝ պարզ կլինի, երբ երկրորդ նախագահ Քոչարյանը հրապարակի այն: Արդյոք դա նշանակելո՞ւ է, որ նա, այսպես ասած, վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Իհարկե, ինչպես նկատել էինք նախօրեին, շատ հետաքրքիր է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը մինչև իր խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դատախազության վճռաբեկ բողո՞քն է տալու այդ գնահատականը, թե՞ դրանից հետո: Միով բանիվ, հարցն այստեղ հետաքրքիր է նրանով, որ վերջին շրջանում նկատվել ու արձանագրվել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագծի պասիվացում և դրա փոխարեն երրորդ նախագահ Սարգսյանի ու ՀՀԿ-ի աշխուժացում: Սա ինչ-որ իմաստով թողնում էր «փոխատեղման» տպավորություն, որը կարող էր պայմանավորված լինել արտաքին հանգամանքներով, որոնք դարձել են աշխույժ և բռնկուն հերթական փուլի մեկնարկի պատճառ՝ իհարկե, իրենք իսկ պայմանավորվելով համաշխարհային փոփոխությունների նոր ալիքով:

Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի գնահատականի ազդարարման պարագայում հարց է ծագում՝ արդյոք կարո՞ղ է լինել միաժամանակ երկրորդ և երրորդ նախագահների աշխույժ վարքագիծ և առավել ևս՝ գործակցություն:

Այն, որ հայտարարված օրակարգը մեծ հաշվով ընդհանուր է՝ պարզ է, այն ընդհանուր է նախկին համակարգի բոլոր խմբերի և թևերի մոտ: Հարցն այն է, սակայն, որ այդ ընդհանուր օրակարգի «մոբիլիզացիոն» ուժն ամենևին միարժեք չէ, քանի որ դա առերևույթ օրակարգն է, իսկ այն ուժերը, որոնք ներկայացնում են այդ օրակարգը, քաղաքականության մեջ գործնականում եղել են և մնում են ավելի շատ ստվերային օրակարգային ուղենիշներով: Դա ունի ոչ միայն մտածողությունից և արժեհամակարգից բխող օբյեկտիվ շարժառիթներ, օրինակ՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը հրապարակային քաղաքականության գործիչներ չեն՝ նրանց հրապարակայնությունը պայմանավորվել է ոչ թե քաղաքականությամբ, այլ պաշտոնական կարգավիճակի բերումով:

Բանն այն է, որ նախկին համակարգի կարգավիճակը նրանց պարտադրում է հնարավորինս զերծ լինել միմյանցից, քանի որ երկուստեք հասկանում են, որ փոխադարձաբար վնասում են իրար անգամ նախկին իշխող համակարգի տրամաբանության շրջանակում: Ի վերջո, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ավելի քան տասնամյակ կառուցել են միմյանց նկատմամբ մերժողական կոշտ վերաբերմունք «դավանող», այսպես ասած, թիմեր ու շրջապատներ՝ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, և հակառակը: Իսկ դա անհետ չի կորում, և ավելին՝ այդտեղ են իրական օրակարգերը: