Հայաստանի արտգործնախարարությունը հուլիսի 8-ին հայտնել է, որ  Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։

Պարզ չէ, թե ու՞մ նախաձեռնությամբ է տեղի ունեցել զրույցը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, երկկողմ ծրագրերի, հարաբերության, ինչպես նաեւ միջազգային կառույցներում գործակցության հարցեր: Խոսվել է նաեւ Արցախի հարցի կարգավորման գործընթացի իրադրության մասին:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալի եւ Շվեյցարիայի ԱՀԴԴ դեպարտամենտի պետքարտուղարի հեռախոսազանգը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայ-շվեյցարական կապի տեսանկյունից, ինչն անշուշտ կարեւոր ուղղություն է: Հետաքրքրության հանգամանք է նաեւ այն, որ Շվեյցարիան ունի հայ-թուրքական միջնորդի կարգավիճակ եւ փորձ, դեռեւս ֆուտբոլային դիվանագիտությունից: Ահա այդ առումով, հեռախոսազանգը ուշագրավ է նաեւ այն իրողությունների ֆոնին, որ ծավալվում են աշխարհում, որտեղ համաշխարհային օրակարգի բոլորովին նոր հարթություն է բարձրանում հայկական հարցը:

Թուրքիան պատրաստվում է դրան, պատրաստվում է լրջորեն, ինչի վկայություն է այն, որ Էրդողանը ստեղծում է հայկական հարցի միջազգային շրջանառությանը հակազդելու հատուկ կառույց: Այսինքն, Անկարան տեսնում է, որ այլեւս պահանջվելու է հատուկ ջանք: Եվ դրա վկայող ազդակ է այն, որ Սպիտակ տան խոսնակն իր արտահայտություններում գործածում է ցեղասպանություն բառը, ու թեեւ ավելի ուշ վարչակազմը հայտնում է, որ Սպիտակ տան քաղաքականությունն այդ հարցում չի փոխվել, Թուրքիան այդուհանդերձ լավ է պատկերացնում, որ փոխվում են համաշխարհային քաղաքականության տրենդն ու աշխարհակարգը:

Այդ շարքում փոխվում է նաեւ հին աշխարհակարգում Անկարայի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունը: Իսկ այդ գործընկերությունը հիմքային իմաստով խարսխված է հակահայկական պայմանագրերի վրա, որոնց հարյուր տարին լրանում է 2021 թվականին: Թե Անկարան, թե Մոսկվան պատկերացնում են, որ պայմանագրերին հավատարմությունը կրկնելը լինելու է բավականին խնդրահարույց:

Հայկական հարցի ուժգին ալիքին պատրաստվող Անկարան հակազդման հատուկ գործողություններին զուգահեռ, կարո՞ղ է արդյոք դիտարկել նաեւ այլ մարտավարություն՝ Հայաստանի հետ որոշակի շփումներ, թեկուզ միջնորդավորված, կամ առնվազն քննարկումներ, թե հնարավո՞ր է արդյոք Երեւանի հետ երկխոսություն, որի միջոցով Անկարան կարող է թուլացնել միջազգային ճնշումը:

Թե՞ միջազգային հանրությունում կարող է դիտարկվել առկա իրադրության պայմաններում Անկարային Երեւանի հետ առանց նախապայմանի շփման բերելու նոր հնարավորություն, ինչի առնչությամբ կարող է փորձ արվել շոշափել Երեւանի տրամադրությունը:

Անկասկած է, որ ցեղասպանության իրավա-քաղաքական եւ բարոյական հանցանքի առկայությամբ հանդերձ, կան հայ-թուրքական ընդհանուր խոսակցության թեմաներ եւ անգամ շահեր: Այլ հարց է, թե արդյո՞ք Անկարան պատրաստ է դրան, թե՞ կարող է ընդամենը խորամանկել թուրքական դիվանագիտությանը բնորոշ կերպով, շահելով ժամանակ: Մյուս կողմից, դա իհարկե Երեւանի համար չպետք է լինի մերժման հիմք, այլ պետք է ընդունվի իհարկե ի գիտություն, որպես դաս, թե ում հետ գործ ունենք եւ ինչ սցենարների պետք է լինել պատրաստ: Բայց շփման փորձի պարագայում մերժել թերեւս չարժե, այլ արժե դնել սեփական շահից բխող նպատակներ եւ օրակարգ:

Աշխարհում աճում է հայկական հարցի անհրաժեշտությունը, եւ Թուրքիայի համար կարող է աճել Հայաստանի հետ շփման կարիքը: Այդ դեպքում Երեւանը պետք է պատրաստ լինի հնարավորը քաղելու համար, իհարկե չզիջելով որեւէ կետում: Այդպիսի իրողություն առաջանալու դեպքում հարցը կարող է լինել միայն պայման թելադրելու չափն ու ծավալը: