usa-spitak-tun

Սպիտակ տունը հայտարարել է, որ Մեծ Եղեռնի հարցում չի փոխվել ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը ավելի վաղ անդրադառնալով Նահանգներում անկարգությունների ֆոնին վանդալիզմի դեպքերին, նշել էր, որ դրա թիրախ է դարձել նաև Դենվերում տեղադրված հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանը:

Նա իհարկե տվել էր հուշարձանի անվանումը, սակայն անկասկած է, որ շատ հանգիստ կարող էր կիրառվել այն ավանդական ձևակերպումը, որ անում է Սպիտակ տունը՝ Մեծ եղեռն: Մինչդեռ, իրերն ինչպես ասում են կոչվել են իրենց անունով: Այն, որ հետո արդեն Սպիտակ տունը պարզաբանել է, թե քաղաքականությունը չի փոխվել, ավելի շուտ խոսում է հենց այն մասին, որ այդ քաղաքականությունը կարող է փոխվել ցանկացած պահի: Այդ փոփոխության նախանշանները Նահանգներում նկատվում են վաղուց, անգամ Կոնգրեսի երկու պալատներում հայկական բանաձևերի ընդունումից շատ առաջ: Ավելին, դրանց ընդունումը այդ նախանշանների արդյունք էին կամ շարունակություն, արտացոլում:

Հայկական հարցի վերաբերյալ Նահանգների քաղաքականության փոփոխությունը պայմանավորվում է համաշխարհային զարգացումների տրենդի փոփոխությամբ: Թուրքիան դադարել է Միացյալ Նահանգների համար լինել ռազմավարական անփոխարինելիություն, որովհետև փոխվել են իրողություններն ու խնդիրները Կովկասում: Եվ այդ փոփոխությունը պայմանավորված է առաջին հերթին Կովկասի ստատուս-քվոյի փոփոխությամբ, որ կատարվել է արցախյան հայկական հաղթանակի արդյունքում: ԱՄՆ ճանաչել է այդ հաղթանակը և այդ մասին է գործնականում պարբերաբար աղաղակում նաև պաշտոնական Բաքուն, ինչի հերթական դրսևորումը Ալիևի վերջին հարցազրույցն էր, որտեղ նա բողոքում էր համանախագահներից: Այդ իմաստով, Նահանգներում հայկական հարցի շուրջ քաղաքականության փոփոխությունը շատ ավելի լայն գործընթաց է, որտեղ Հայաստանն ամենևին լոկ երկրպագուի դերում չէ, երբ ծափահարում է այդ երկրում քաղաքական այս կամ այն հարթության վրա այդ հարցում տեղի ունեցող որևէ նշանակալի բեկման դեպքում:

Այս տեսանկյունից թերևս հատկանշական է այն, որ, երբ Սպիտակ տնից հնչում էր բոլորի ուշադրությունը գրաված ձևակերպումը, այդ ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի հետ է հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Խոսքն անշուշտ այն մասին չէ, որ մտածվել է ձևակերպումն ու զուգահեռ պլանավորվել Երևանում այդ հանդիպումը: Հարցը քաղաքական գործընթացների ներդաշնակության պատկերի մասին է, որն արտացոլում է այն լայն քաղաքական համատեքստը, որում հայկական հարցը ստանում է առանցքային նշանակություն միջազգային անվտանգության համակարգի վերակառուցման իմաստով: Այն արդեն վերակառուցել է ռեգիոնալ անվտանգության համակարգը և ներկայումս դրված է ավելի լայն համատեքստի հարց, որի ծիրում հայկական հարցը ստանալու է աշխարհաքաղաքական ավելի մեծ պահանջարկ: Դրա առավել խոսուն վկայություն, քան հայկական հարցի հակազդման համար Էրդողանի հրահանգով Թուրքիայում հատուկ կառույցի ստեղծումն է, չկա: