ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է անդամակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որի հետ հարաբերությունը խզելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր շաբաթներ առաջ:

Թրամփը հայտարարել է, որ Նահանգները նախաձեռնելու է նոր գործընթաց, առողջապահության ոլորտում միջազգային գործակցության համար:

Կախվա՞ծ է դա արդյոք ԱՄՆ նախագահի պաշտոնի մրցավազքից, այսինքն Թրամփի ընտրվել-չընտրվելուց: Եթե օրինակ նա չպահպանի նախագահի պաշտոնը, արդյո՞ք դեմոկրատ Բայդենը կվերադարձնի ԱՄՆ-ին ԱՀԿ, թե ոչ: Բանը հետաքրքիր է նրանով, որ ԱՄՆ նախագահական մրցավազքի շրջանակում բավականին նկատելի է կորոնավիրուսի հարցում Թրամփի եւ նրա մրցակիցների մոտեցումների տարբերությունը: Եթե Թրամփը փորձում է որքան հնարավոր է հանդարտեցնել կրքերն ու հանրային զգացումները, տագնապը, մրցակից շրջանակները փորձում են անել հակառակը:

Թրամփի ուղղակի, թե անուղղակի մրցակից է դարձել նաեւ ԱՀԿ-ն, որի պաշտոնյաները շարունակում են հանրություններին մատուցել կորոնավարակի վերաբերյալ հակասական, տարաբնույթ եւ միարժեք տագնապային տեղեկատվություն: Օրինակ, ԱՀԿ մասնագետները հայտարարել են, թե վարակը կարող է փոխանցվել պարզապես օդ շնչելու միջոցով: Չի բացառվում, որ հաջորդ հայտարարությամբ ԱՀԿ-ն կասի, թե վարակը փոխանցնում է նաեւ վարակակրին նայելիս կամ լսելիս, հետեւաբար պետք է փակել նաեւ աչքերն ու ականջները:

ԱՀԿ սկանդալային ղեկավարն էլ, որն իր երկիր Եթովպիայում մեղադրվում է անգամ ցեղասպանության համար, օրերս հայտարարել է, թե համավարակը չի հասել պիկին: Դրան զուգահեռ, ԱՀԿ պատվիրակները մեկնում են Չինաստան, վարակի կենդանական ծագումը ուսումնասիրելու համար, թե ինչպես է այն կենդանիներից փոխանցվել մարդկանց:

Հետաքրքիր ձեւակերպում է, որովհետեւ կան միջազգային կառույցներ, շրջանակներ եւ մասնագետներ, որոնք մեղմ ասած բավականին հիմնավոր կասկած ունեն, որ վարակը ծագել է լաբորատորիայից, ոչ թե այսպես ասած կենդանական աշխարհից: Այլ հարց է, թե ինչպես է հայտնվել դրսում՝ միտումնավո՞ր, թե՞ պատահաբար, որեւէ անվտանգության կանոնի խախտումով: Ի դեպ այդ կասկածն ուներ նաեւ ԱՄՆ վարչակազմը եւ հայտարարել է քննություն սկսելու մասին: Ավելին, Թրամփը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն այդ հարցում օգնել է Չինաստանին աշխարհից թաքցնել վարակը բավականին երկար ժամանակ:

Զուգահեռ, աշխարհում եզրագծին է մոտենում պատվաստանյութի մշակումը, որը արդեն թերեւս վերածվել է յուրօրինակ պատերազմական իրավիճակի, թե ո՞ր պատվաստանյութն է լինելու առաջինը եւ տարածվելու ամենաշատը: Դրվում են միլիարդներ, ըստ այդմ լինելու է հետգնման խնդիր: Հայաստանի առողջապահության նախարարը օրերս հայտարարել էր, թե մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից 20-ը հավակնում են վերջնական արտադրության: Նա հայտարարել էր նաեւ, որ Հայաստանը բանակցում է մի քանի ուղղությամբ՝ պատվաստանյութին առաջիններից մեկը հասանելի լինելու համար: Նախարարը օրերս խոստովանել էր, որ կա որոշակի մրցավազք:

Մրցավազքը սակայն թերեւս մեղմ է ասված: Կորոնավիրուսային համավարակը վաղուց ծավալվում է պատերազին բնորոշ հանգամանքների ուղեկցությամբ: Ինչի մասին է խոսքը, եթե այն փլուզում է տնտեսություններ եւ կարող է հաջորդ փուլով արդեն փլուզել կառավարություններ, լուծել տարբեր երկրներում իշխանության հարց: Թեեւ հնարավոր է, որ «գագաթնակետն» այդուհանդերձ կլինի ԱՄՆ նախագահի հարցը: