ՌԴ ԱԳՆ-ն  հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ էսկալացիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Անթույլատրելի ենք համարում էսկալացիայի շարունակումը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-նշված է հայտարարությունում։ Պաշտոնական Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։

Ի՞նչ է պատրաստ Մոսկվան առաջարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար: Կապվա՞ծ է դա նրա հետ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին անականկալ նախաձեռնեց ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստը, որն ավելի ուշ հետաձգվեց:

Հայաստանը սահմանին տիրող վիճակի մասին հայտնել է և ԵԱՀԿ-ին, և ՀԱՊԿ-ին, սակայն դիմել են ոչ օգնության համար: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության» հետ կապված նշել է, որ «երկու երկրների համար կարևոր է զսպվածություն ցուցաբերել և օգտագործել հաղորդակցության բոլոր ալիքները ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»:

ԵԱՀԿ-ի հետ ամեն ինչ պարզ է, իսկ ո՞վ է շահագրգռված, որպեսզի ՀԱՊԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ներգրավի:

Հուլիսի 12-ի միջադեպից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ալիևի աշխատակազմի հայտարարություններում նշվել է, որ Հայաստանն ուզում է «երրորդ կողմի» ներգրավել: Գողի վրա, ինչպես ասում են, գլխարկը վառվում է. արդյոք ԱԳ նախարար Մամեդյարովը ուզում է «ապացուցել» իր մասնագիտական համապատասխանությունը և հասնել ռուսական կամ ՀԱՊԿ զորքերի մուտքին հակամարտության ռեգիոն: Մինչև այժմ Հայաստանը և Ադրբեջանը արգելափակել են նմանատիպ ուժերի մուտքը տարածաշրջան:

ՀԱՊԿ-ը 2016թ. ապրիլյան քառօրյա մասշտաբային պատերազմից հետո չէր համարձակվում նիստ հրավիրել և հայտարարել ռազմական դաշինքի դիրքորոշման մասին, թեև կիսաձայն տարածաշրջանն անվանում էր «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի»: 2016թ. ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստ, որի ժամանակ չընդունվեց հակամարտությանը դաշինքի միջամտության մասին որոշում: Այսօր իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսալ Զասը, որը 2016թ. Բելառուսի ԱԽ քարտուղարն էր, որոշեց հրավիրել արտահերթ նիստ, որը, սակայն, անորոշ ժամանակով հետաձգվեց։

2016թ. պատերազմի օրերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգեց ոչ թե Երևան, այլ Բաքու: Ապրիլի 4-ին Բելառուսի խորհրդարանը ռազմական նոր դոկտրին ընդունեց, որն արգելում է «Բելառուսին արտասահմանում մասնակցել ռազմական գործողություններին»: Այսինքն, Բելառուսը մտադիր չէ Հայաստանի կողմից մասնակցելու ռազմական գործողություններին:

Թյուրքական Ղազախստանը և Ղըրղըզստանը, ինչպես նաև շիական Տաջիկստանը նույնպես, դժվար թե, աջակցեն Հայաստանին: Ստացվում է, որ ՀԱՊԿ անդամներից միայն Ռուսաստանն է, որ Հայաստանին «աջակցության» է շտապում: Կարո՞ղ է Ռուսաստանի «աջակցությունը» լինել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի համար վերջին առաջադրանքը, թե ներկայիս սադրանքը Ադրբեջանի ղեկավարության համար պատրվակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 20-ամյա քաղաքականությունը «զրոյացնելու» համար: