ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այս պահին հանդիպում են ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրել է ՀՀ Կառավարությունը։

Նա 42 տարեկան է, իրավագիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ։

«Հանդիպման ընթացքում բարձրացրեցին ինչպես մամուլում հնչեցված հարցերը, այնպես էլ այլ հարցեր։ Եվ իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել տրված հարցադրումների վերաբերյալ իմ վերաբերմունքը, մոտեցումները, որոնք Իմ քայլը խմբակցության պատգամավորներին թույլ կտան ձևավորել մոտեցում հետագա գործընթացների համար»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Վահրամ Ավետիսյանը։

Նա անդրադարձավ իր հոր՝ Մարտի մեկի գործերի հետ առնչությանը։

«Այս հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց։ Եվ իմ մոտեցումը հետևյալն է՝ ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանարպետությունում դատական համակարգում գոյություն ունեցած և առկա խնդիրները։ Նաև ես չեմ պատրաստվում դառնալ, այսպես ասած, դատական համակարգի մեղքերի քավության նոխազը։ Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկի դատարանի գործառույթը, թե ի՞նչ գործառույթ է իրականացրել։ Արդյոք Վճռաբեկ դատարանն ըստ էության գործ քննող դատարան է, թե՞ ոչ։ Արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին։ Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում այդ մտահոգությունները, որովհետև ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, ովքեր առնչություն են ունեցել այդ գործերին։ Իմ հայրն արդեն հինգ տարի է թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- ասաց նա։