Aleksey Navaniy

Ռուսաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին պատմող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն առաջացրել է ռուսական որոշ շրջանակների, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դժգոհությունը:

Բանն այն է, որ ռեպորտաժի մեջ տեղ է գտել նաև Ալեքսեյ Նավալնին, ով ՌԴ նախագահ Պուտինի ամենախիստ ընդդիմախոսներից է, և ում համար փակ է ռուսական հեռուստաեթերը: Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան հեռուստաալիքում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որը ատում է հայերին և Հայաստանը։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա ընդամենը փոթորիկ է մեկ բաժակ ջրում: «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Սահմանադրական փոփոխությունների հետ կապված և լուսաբանել է համաձայն լրագրության միջազգային ստանդարտների՝ ներկայացնելով և՛ իշխանության տեսակետը, և՛ նաև իշխանության ընդդիմախոսների տեսակետը՝ հանձին Ալեքսեյ Նավալնիի: Որ ասենք, թե այստեղ ինչ-որ սենսացիոն բան կար, զարմանալի կամ արտառոց՝ հիմք չեմ տեսնում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այլ է պարագան, թե ինչու է Սոլովյովը նման դժգոհություն հայտնում. «Վաղուց է հայտնի, որ Սոլովյովի և Նավալնիի միջև կա որոշակի անձնական բացասական մթնոլորտ: Եվ եթե Նավալնին, բլոգեր լինելով, կարող է ազատորեն իրեն թույլ տալ իր զգացմունքներն արտահայտել այնպես, ինչպես ինքն է հարկ համարում, ապա պարոն Սոլովյովը դրա համար օգտագործում է այն լրատվամիջոցները, որտեղ ինքն աշխատում է՝ պիտակավորում է Նավալնիին ինչ-ինչ որակումներով և, չգիտես ինչու, հայկական կողմին կշտամբում է, թե ինչու է Նավալնիի մեկնաբանությունն արտացոլվել մեր հեռուստատեսությամբ: Սա պարզապես անհասկանալի դիրքորոշում է պարոն Սոլովյովի կողմից: Հայկական լրատվամիջոցները, որոնք ծառայում են հանրությանը հանրության հարկերի հաշվին, պետք է առաջնորդվեն անաչառ լրատվության ստանդարտներով, ինչը և անում են: Եվ այդ իմաստով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող բացառություն լինել»:

Քաղաքագետի խոսքով՝ անաչառ լրագրության միջազգային ստանդարտներն ունիվերսալ են, և ժամանակն է, որ այն երկրներում, որոնցում դրանք դեռ չեն հասել, ևս վերցնեն ու առաջնորդվեն ըստ այդմ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես լուսաբանում են, օրինակ, Հայաստանի դատական պրոցեսները, ինչպես ռուսական լրատվամիջոցներով լուսաբանվում են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները»:

Մեհրաբյանի գնահատմամբ՝ նրանք, ովքեր Հայաստանի ներսում տառապում են այն փաստից, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կարող է անաչառ լրատվություն մատուցել, պետք է հանգիստ նստեն տեղները ու չմոռանան, որ Հայաստանը սուվերեն երկիր է. «Իրենց ողբուլացով կարող են այլ երկրներ գնալ ու այնտեղ տրվել սգի տրամադրությունների ու չփորձեն մեր ազգային արժեքներին խորթ մոտեցումներ փաթաթել: Ինչու եմ ասում՝ հատկապես ազգային արժեքներին, որովհետև ազատ խոսքը, այո, հայկական լավագույն ազգային արժեքներից մեկն է»: