«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է:

Պարզվում է՝ հաշվեքննության ընթացքում, հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված է կասեցվել Առողջապահության նախարարության՝ պետբյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննությունը: Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով»։