Երևանում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստն ուղեկցել է ուղերձով, որում թվարկել է ազգային նպատակներն ու արժեքները, այն համախումբը, որը, ըստ նրա, հայի ինքնության, հավիտենության և պետական ինքնիշխանության հիմքում է:

Փաշինյանն իր ուղերձում շոշափում է կարևորագույն նպատակներ ու արժեքներ, որոնք կազմում են ազգային անվտանգության նոր ռազմավարության ողնաշարը՝ այն դարձնելով ժամանակակից իրողություններին և ձևավորվելիք նոր աշխարհին համարժեք: Այդ համատեքստում վարչապետն իր ուղերձում բացարձակ նպատակ է դիտարկել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունը՝ արձանագրելով, որ օտար որևէ երկրի շահի ծառայելու փորձ պետք է արժանանա հայ ժողովրդի մերժմանն ու լեգիտիմ կառավարության կոշտ հակազդեցությանը:

Ինքնիշխանությունն ազգային անվտանգության իրապես անբեկանելի առանցքն է, որի առումով վարչապետ Փաշինյանի շեշտադրումները կարևոր են, հատկապես այժմ, երբ նկատելի է, թե թավշյա հեղափոխությունից հետո հայկական ինքնիշխանության ներուժի բարձրացմանը զուգահեռ ինչպես է գլուխ բարձրացնում օտար շահի սպասարկման իրողությունը՝ տարաբնույթ քաղաքական միավորների հայտարարությունների տեսքով:

Լեգիտիմ կառավարության կոշտ հակազդեցությանը դրան արդեն հաջորդել է, սակայն այստեղ առավել քան կարևոր հանգամանք է այն, որ ձևավորվի ժողովրդական մերժման իրողությունը, որը հենց հայկական ինքնության ու արժեհամակարգի հարցն է: Այլ կերպ ասած՝ ազգային անվտանգության խնդիր է հայի սերունդները կապակցող, պատմությունից ապագա գնացող ինքնության ողնաշարի ձևավորումը, որը պետք է հանրային մտածողության խորքից բացառի որևէ քաղաքական գործունեություն, որը կարող է դույզն իսկ շեղված լինել այդ ինքնությունից և հետևաբար շեղվել ինքնիշխանության բացարձակությունից: Դա խնդիր է, որի լուծումը պահանջելու է նախ համարժեք քաղաքական վերնախավի ձևավորում, որն ի վիճակի է լինելու հանրության հետ արդյունավետ հաղորդակցությամբ ձևավորել այդ մտածողությունը՝ թույլ չտալով, որ խնդիրները հասնեն կառավարական լծակներով հակազդելու աստիճանի:

Քաղաքական վերնախավի շրջանակը չպետք է սահմանափակվի միայն իշխող վերնախավով, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում դիրքավորվող ուժերի ներառումով, որոնք պատրաստ են ինքնության թեմայի շուրջ հանրային արդյունավետ հաղորդակցության՝ ձևավորելու համար ազգային անվտանգության ռազմավարության այն ամուր պատվանդանը, որի վրա կանգնած հայկական պետականությունը պետք է կառուցի համաշխարհային հանրության հետ իր հարաբերությունը հետագա տասնամյակների համար: