ruben hayrapetyan

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հայտնել է, որ Ռուսաստանում դադարեցվել է Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների հայտարարած հետախուզումը:

Անշուշտ առաջին դեպքը չէ, և ամենևին զարմանալի դեպք չէ: Ռուբեն Հայրապետյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրենին առևանգելու և բռնության ենթարկելու գործով, որի համար մեղադրվում են Հայրապետյանն ու որդին: Հայրապետյանը այժմ Ռուսաստանում է և փաստորեն ազատվել է հետախուզումից:

Նա Հայաստանում իրավական գործընթացով անցնող հերթական ֆիգուրն է, որ փաստացի ապաստան է ստանում Ռուսաստանի իրավապահ համակարգի ներքո: Այդ հանգամանքը իհարկե առաջացնում է Հայաստանի հանրության վրդովմունքը, թեև Ռուսաստանին դա թերևս քիչ է հուզում: Այդ առիթով, ի դեպ, հիշարժան է օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԲԿ ռուսական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա նշում էր, թե Ռուսաստանը պետք է գիտենա, որ Հայաստանում որևէ ղեկավար կամ քաղգործիչ չէ, որ դաշնակից է, այլ դաշնակից է հայ ժողովուրդը: Ըստ այդմ՝ Ռուսաստանը պետք է մտածի հայ ժողովրդի հետ հարաբերություն կառուցելու մասին:

Ռուսաստանն այդ մասին չի մտածում, թեև այստեղ իհարկե կա նուրբ հարց՝ իսկ մտածել կարո՞ղ է, միայն ցանկությա՞ն խնդիր է, թե՞ Մոսկվան չի էլ կարող ներկայումս մտածել հայ ժողովրդի վերաբերմունքի մասին, որովհետև կան ավելի բարդ ու բազմաբնույթ խնդիրներ հենց այն առումով, թե՝ իսկ ինչ է Ռուսաստանը: Երբ ասում ենք, որ Ռուսաստանը Կրեմլ է կամ Պուտին, դա թերևս որոշակիորեն այդպես է, սակայն խորքային առումով այդ պատասխանը խիստ հեռու է և անհամարժեք իրականությանը:

Ռուսաստանն այսօր տնտեսաքաղաքական ազդեցության տարբեր խմբերի թեժ պայքարի թատերաբեմ է, որտեղ վճռվում է ՌԴ նոր իշխանության հարցը՝ նոր աշխարհակարգին ընդառաջ: Եվ այդ իմաստով թե՛ Ռուսաստան հասկացությունը ինչ-որ կոնկրետ խմբի կամ բևեռի կամ մարդու հետ կապելն է դառնում հարաբերական, և թե՛ հարաբերական է դառնում այդ Ռուսաստանում պաշտպանվածության կամ պատսպարվածության զգացումը, որ ունեն Հայաստանում իրավական խնդիրներից այնտեղ փախած և ապաստանած տարբեր անձինք: Նրանց պատկերացումները աշխարհաքաղաքական իրողությունների առնչությամբ իհարկե բարդ է գնահատել ինքնին, թեև դատելով հանրության հետ նրանց հարաբերության ընդհանուր բովանդակության վարքագծից և ինտելեկտից՝ դրանք, մեղմ ասած, այդքան էլ համարժեք լինել չեն կարող:

Եվ հենց այդ առումով էլ մեծ հարց է, թե որտեղ նրանք ավելի պաշտպանված կարող են լինել խոշոր հաշվով՝ Հայաստանո՞ւմ, թեկուզ իրավական գործընթացներում ներգրավված լինելով, թե՞ դրանցից ազատ թվացող Ռուսաստանում:

Հ.Գ. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ՀՔԾ-ում նոր հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քննիչի կողմից որոշում է կայացվել Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ և 38-308-րդ հոդվածի  2-րդ մասերով՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: