«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց, որոնք իրենց գործուն մասնակցությամբ նպաստել են իշխանության յուրացմանը և սահմանադրական կարգի տապալմանը:

«Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ նախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները»,-ասվում է երեք ուժերի կողմից դատախազություն ներկայացված հաղորդումից հետո տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ երեք ուժերի կողմից իրականացված այս քայլը հերթական քաոս ձևավորելու և քաղաքական դաշտն ապականելու ակցիա է։ «Ես դա դիտում եմ ընդհանուր համակարգի տրամաբանության մեջ, իսկ համակարգի տրամաբանությունն այն է, որ հնարավորինս բոլոր միջոցներով, ձևերով իշխանություններին վնասող, քաոս առաջացող գործողություններ կատարել։ Այդ ուժերը ու նրանց հովանավորները հույս ունեն վերջնարդյունքում ստանալ այնպիսի իրավիճակ, երբ իշխանության լեգիտիմությունը կնվազի։ Եվ սա միակ դեպքը չի լինի։

Առաջիկայում էլ կլինեն իրական իմաստից զուրկ գործողություններ, որոնց միակ նպատակը կլինի իշխանության լեգիտիմությանը հարվածելն ու իշխանությանը վնասելը։ Նրանց միակ հույսն այն է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունների հանրագումարում իրենց կհաջողվի իշխանությանը այնպիսի վնաս պատճառել, որից իրենք կստանան քաղաքական դիվիդենտներ»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում նրանց նպատակն այն չէ, որ, օրինակ դատախազությունը ընթացք տա իրենց հաղորդմանը, իրավական գործընթաց սկսվի (թեև դրան էլ դեմ չեն լինի)։ Իրենց միակ նպատակը ներքաղաքական դաշտում քաոսային իրավիճակ ստեղծելն է։ «Եվ իրենց այդ նպատակն, այսպես թե այնպես, իրագործվում է, քանի որ, օրինակ, դիմում ներկայացնելը նրանց հնարավորություն է տալիս խոսելու, քննարկելու իրավիճակը, դրա միջոցով իշխանություններին ևս մեկ անգամ քննադատել։ Այսինքն` նույնիսկ իրավական դաշտում՝ առանց առարկայական գործողությունների, իրենք կարողանում են ուղերձներ հղել, հիմք ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի իշխանությանը հարվածել»,-նկատեց քաղաքագետը։

Բնավ զարմանալի չէ, որ ԲՀԿ-ն ևս միացել է արտախորհրդարանական ուժերին, քանի որ ԲՀԿ-ն միակենտրոն կուսակցություն է, կախված է մեկ անձի ցանկություններից ու հնարավորություններից, և այդ մեկ անձն այսօր ունի խնդիրներ այսօրվա իշխանությունների հետ։ «Նշանակություն չունի՝ այդ խնդիրները քաղաքական են, իրավական են, թե այլ բնույթի։ Դրանք ազդում են քաղաքական դաշտի վրա և քաղաքական հետևանքներ ունենում են։ Հետևաբար՝ ԲՀԿ-ն պետք է միանա բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ընդդեմ այս իշխանությունների են, որպեսզի այդ մեկ անձը լինի հնարավորինս պաշտպանված այնտեղ, որտեղ հնարավոր է։ Եվ քանի որ իրավական դաշտում պաշտպանված լինել հնարավոր չէ, ապա քաղաքական դաշտն այնքան էլ միանշանակ չէ, և քաղաքական դաշտում կարելի է խաղարկային գործընթացներ հարուցելով՝ ստանալ որոշակի դիվիդենտներ»,- եզրափակեց Ղևոնդյանը։

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն էլ, անդրադառնալով երեք ուժերի դիմումին, այդ քայլը որակեց որպես անլուրջ քայլ։ «Երևի պարապ են մնացել։ Ինչի մասին է խոսքը։ Իշխանությունները ամբողջությամբ շարժվել են Սահմանադրությամբ, և միակ խնդիրն այն է, որ չեն դիմել ՍԴ եզրակացություն ստանալու համար, բայց դա էլ իր բացատրությունն ուներ։ Իշխանությունը շատ համոզիչ բացատրեց, որ այս Սահմանադրական դատարանը չի կարող քննել իր վերաբերյալ դիմում և եզրակացություն տալ։ Հիմա այս գործողությունը արակել որպես սահմանադրական կարգի տապալում, կրկնում եմ, անլուրջ, անհեթեթ քայլ է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման դիմում ներկայացնելը վկայում է այն մասին, որ այդ դիմումը ներկայացրած երեք ուժերը քաղաքական ուժերը չեն։ «Նրանք քաղաքական ուժեր չեն և լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում։ Բայց իրենց դիմումով շատ անլուրջ քայլ են կատարել»,- եզրափակեց Խաչատրյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •