Lars

Ռուսական «Կինոտեխ» ընկերությունը համագործակցելով Հայաստանի տրանսպորտային առաքողների միության հետ առաջիկայում՝ օգոստոսից պատրաստվում է լաստանավ գործարկել Կովկաս-Փոթի երթուղով։ Լաստանավը նախատեսված է 40 վագոնի համար։ Լաստանավից կարող են օգտվել բոլորը, այդ թվում նաև վրաստանցի գործարարները։

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը նշեց, որ լաստանավի գործարկումը մեծ խթան կհանդիսանա մեր տնտեսության համար, ինչպես նաև մրցակցություն կապահովի Վերին Լարսին, որի հետ կապված  պարբերաբար տարաբնույթ պրոբլեմներ են առաջանում։ Եղիշե Հովհաննիսյանի խոսքերով՝ Լարսի  թողունակությունը սահմանափակ է և չի կարող ապահովել բեռների այն հոսքը, որը զարգանալու հեռանկարներ ունի։

«Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության Հայաստանի հնարավորությունները շատ սուղ են՝ մեկը իրանական հատվածն է, որից մենք կարող ենք օգտվել, սակայն այս սահմանափակումների պարագայում այս հատվածով  բեռնափոխադրումների մեծ ծավալ չենք կարող իրականացնել, երկրորդ ճանապարհը Վրաստանն է՝ Լարսի ճանապարհը, որը, սակայն, ունի մեկ գոտիանոց երկկողմանի երթևեկություն և որը բավականին նեղլիկ ճանապարհ է։ Մեր ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսն իրականացվում է հենց այս ճանապարհով, ինչը նշանակում է, որ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես ի վիճակի չէ ապահովել մեր արտահանումների ու ներմուծումների ամբողջ ծավալի պահանջարկը և այդ իսկ պատճառով էլ լինում են կոլապսներ։ Օրինակ, Հայաստանը տարեկան շուրջ 300 հազար տոննա ցորեն էր ներմուծում հենց այս մի խղճուկ ճանապարհով, որից օգտվում են նաև վրացիները և այդ կոլապսները, որ առաջանում էին՝ նեղություն էին պատճառում նաև վրացիներին, որովհետև նրնք էլ իրենց հերթին Վրաստան գնացող ռուս զբոսաշրջիկներից էին զրկվում։ Հետևաբար, հասկանալի է, որ այս պայմաններում մեզ անհրաժեշտ էր այլընտրանքային տարբերակներ, որպեսզի մենք կարողանանք կոպիտ ասած՝ այս դժոխքից պրծնել․ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում մի ամբողջ երկիր պահել մի խղճուկ, նեղլիկ ու խափանումներով աշխատող ճանապարհի հույսով։ Այդ այլընտրանքն էլ ներկա դրությամբ  երկաթգծային լաստանավն է, որը կբեռնաթափի Լարսը և այն բեռները, որոնք ուղղակի հնարավոր չէ տեղափոխել ավտոմոբիլային բեռնափոխադրման միջոցով, այսուհետ կարողանանք տեղափոխել  երկաթգծային լաստանավի միջոցով»,- այս համատեքստում հավելեց նաև․ «Ես այս ամենի կարևորության մասին բազմիցս ասել եմ՝ թե՛ նախկին կառավարություններին, թե՛ ներկայիս կառավարությանը, բացատրել եմ, որ մինչև Հայաստանի Հանրապետությունը սեփակաան լաստանավ չունենա՝ պետական, ոչ կոմերցիոն բնույթի, ապա լոգիստիկայի մասին կարող է մոռանալ։ Պետական լաստանավը թույլ կտա, ոպեսզի երթուղին հուսալի և ապահով  կամուրջ  դառնա Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև՝  տնտեսական կապերի հետագա զարգացման և ամրապնդման առումով։ Մեր կառույցը մշտապես բարձրաձայնել է այս խնդրի մասին, որովհետև  կրկնում եմ՝ լեռնահանքային արդյունաբերությանը, շինարարական և էներգետիկ ոլորտին հետաքրքրող մեծ և ծանր բեռների մատակարարումը  ատոմոբիլային տարբերակով անհնար է, ուստի լաստանավն այս դեպքում անփոխարինելի միջոց է»։

Նա նաև նկատեց, որ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվաքների  նախարար Սուրեն Պապիկյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել է լաստանավ ձեռք բերելու  մտադրության մասին, պարզապես հիմա, ըստ էության, խնդիրը կայանում է նոր լաստանավ գտնելու մեջ։

Այս  համատեքստում Եղիշե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք լաստանավերի արժեքի մասին և այն հարցին, թե Փաշինյանի կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ, նա պատասխանեց․ «Այն տեսակը, որը մեզ կբավարարի՝ գնային առումով հետևյալն է՝  օգտագործած լաստանավի շուկայական արժեքը 4-5 միլիոն է, իսկ լրիվ նորինը՝ մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլար, որը երկրի համար կարող է ծառայել 15-20 տարի, այսինքն՝ երկարաժամկետ ու շատ հարմար տարբերակ է սա, թեկուզ հենց այն 40 վագոնանոցը, որը մենք ենք ձեռք բերել։ Կառավարությունը պիտի սկսի հենց այսօրվանից աշխատել այս ուղղությամբ, նման կարևոր հարցը չի կարելի անտեսել»։