Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կրկին քրեական գործ կհարուցվի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ։

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետ Արամ Մամիկոնյանի դիմումի հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։ Քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկվել էր, սակայն առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի քրեական գործ հարուցվի Լևոն Յոլյանի արարքներում Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով։ Դրանից հետո դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն այսօր վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բերած վերաքննիչ բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի դատական ակտը, որը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, պետք է քրեական գործ հարուցի Լևոն Յոլյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ երեկ էլ պարզ դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուսումնասիրության արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել Հաշվեքննիչ պալատի առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Այդ պաշտոնատար անձանց մեջ է նաև Լևոն Յոլյանը։