Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հունիսի 30-ին Մնացականյան-Մամեդյարով տեսահանդիպման առնչությամբ, որն անցկացվել է համանախագահների եռյակի մասնակցությամբ:

Համանախագահները նշում են, որ արցախյան հարցի ռազմական լուծում գոյություն չունի: Միաժամանակ, համանախագահները մտահոգություն են հայտնել սադրիչ հռետորաբանության եւ հրահրիչ հայտարարությունների, լարվածության տանող փորձերի մասին: Հատկանշական է, որ հենց այդ մտահոգությունից հետո են նրանք արձանագրում, որ գոյություն չունի ռազմական լուծում:

Համանախագահները կարեւոր են համարել քայլերը, որոնք ուղղված են խաղաղությանն ու առարկայական բանակցության բարենպաստ մթնոլորտին:

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ապտակ է Ադրբեջանի նախագահին ու պաշտպանության նախարարին, որոնք վերջին շաբաթներին ուժգնացրել էին ռազմատենչ հռետորաբանությունը: Միաժամանակ, դատապարտելով հրահրիչ հայտարարությունները, համանախագահները փաստացի ազդարարում են, որ ճիշտ են դրան Հայաստանից հնչող կոշտ պատասխանները:

Ալիեւի հերթական հայտարարությունները Երեւանում «հրահրեցին» Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կոշտ հեռակա «բանավեճ»: Այն Հայաստանում դուր չեկավ շատ շատերին, ովքեր նշում էին, թե չպետք է տրվել Ալիեւի սադրանքին եւ նրա «աչքի առաջ» փնովել միմյանց: Ասելու բան ունեք, ասեք միմյանց առանց Ալիեւի, հուշում էին շատերը:

Արդյոք Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող էին լինել քաղաքականապես այն աստիճանի անհամարժեք, որ տրվեին Ալիեւի «սադրանքին» կամ այսպես ասած՝ «հրահրվեին երեխայի նման»: Դժվար եմ պատերացնում, ավելի հակված լինելով կարծել, որ թե Սարգսյանը, թե խոսնակի միջոցով նրան արձագանքած Փաշինյանը տեսել են ոչ թե Ալիեւին, այլ առավել լայն գործընթաց, որում Ալիեւը կարող է լինել ընդամենը մի պտուտակ: Ավելի լայն գործընթաց, երբ տեղի է ունենում հին աշխարհակարգի՝ Կովկասի համար առանցքային տանդեմի փլուզում կամ հարաբերությունների ճգնաժամ: Խոսքը ռուս-թուրքական տանդեմի մասին է:

Երբ Ռուսաստանն ու Թուրքիան այդ փուլում են, եւ առավել եւս, երբ Մոսկվան այդ փուլում հայտնվել է բավականին թույլ վիճակում եւ ստիպված է լռել, երբ Էրդողանը սպառնում է 25 միլիոն մահմեդականով քանդել Ռուսաստանը ներսից, Հայաստանից պահանջվում է չափազանց զգուշություն ու աչալրջություն՝ դիմադրունակությունը բարձրացնելու համար: Դժբախտաբար, հետխորհրդային մոտ երեք տասնամյակում Հայաստանը զարգացել է մի նեոկայսերական տրամաբանության ներքո, որի պարագայում Հայաստանի ինքնիշխան դիմադրունակության գեներացիայի հարցում առավել արդյունավետ ձեւ է մնացել կայսերական հավակնության դեմ դիմակայության ներքին շրջանակը: Հայաստանը ստիպված է խաղալ նրանով, ինչ կա ներկայում ձեռքի տակ, քանի դեռ ինստւտուցիոնալ եւ արժեմշակութային մակարդակում չեն ձեւավորվել կայուն նոր գործիքներ:

Մինսկի խմբի համանախագահները մեծ հաշվով արձանագրում են, որ Հայաստանը ճիշտ է իր խաղում: Այդ արձանագրմանը միանում է նաեւ Ռուսաստանը, որի համար Հայաստանի ինքնիշխան խաղն անընդունելի է, մյուս կողմից դարձել է կենսական անհրաժեշտություն Թուրքիայի դեմ իր խաղում: Դրա միջոցով է նաեւ Ռուսաստանը կարողանում Բաքվում պահել Մամեդյարովին, հատկապես Ադրբեջանի իշխանական վերնախավից նրա դեմ գրոհների պարագայում:

Համանախագահներն իրենց հայտարարությամբ փաստացի սատարել են Մամեդյարովին, այսինքն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցել են Ռուսաստանի այդ ջանքին, եթե այն ուղղված է ռեգիոնալ կայունության եւ խաղաղության պահպանմանը: Ալիեւն էլ դեմ չի լինի դրան, քանի որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի հայտարարությունը, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում, նրա ձեռքին բարաթ է Թուրքիայի դեմ, որն Ալիեւին մղում է ռազմական արկածախնդրության:

Spread the love