Վերաքննիչ դատարանը հուլիսի 8-ին կհրապարակի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքի առնչությամբ վճիռը:

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, ինչի հետ չէր համաձայնել դատախազությունը և ներկայացրել էր Վերաքննիչ բողոք:

Հուլիսի 7-ին դատարանն անցել է խորհրդակցական սենյակ, որտեղ կայացնելու է վճիռը և այն կհրապարակվի այսօր:

Մինչ այդ, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը նախ վարակվեց կորոնավիրուսով և հայտնվեց հիվանդանոցային հսկողության ներքո, և այդ մասին տեղեկության հաջորդ օրն իսկ, փաստորեն, հիվանդանոցից որոշեց անդրադառնալ Հայաստանում «հակառուսականության» ալիքին և հայտարարել, որ ամեն ինչ կանի դրա դեմ պայքարի համար:

Հետաքրքիր է, ինչո՞ւ էր առաջացել ԲՀԿ նախագահի այդպիսի հայտարարության անհրաժեշտություն: Արդյո՞ք դրանով նա փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի ներքին կյանքում իր շուրջ իրավա-քաղաքական զարգացումներում: Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աջակցությունը չկար: Որովհետև, երբ Գագիկ Ծառուկյանը ներգրավվեց ընտրակաշառքի հայտնի գործում որպես մեղադրյալ, ԲՀԿ պատգամավորները հյուրընկալվեցին ՌԴ դեսպանի մոտ: Այդ ժամանակ աջակցություն չի՞ եղել, թե՞ դրվել են որոշակի պայմաններ, այդ թվում նաև հակառուսականության մասին հայտնի հայտարարության պայմանը:

Մյուս կողմից, այդ հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը որոշակի նոր իրավիճակ է ստեղծել քաղաքական այն շրջանակում, որը Ծառուկյանի գործի առիթով սկսել էր խոսել համախմբման մասին: Մասնավորապես, խոսքը «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների մասին է: Ծառուկյանի հայտարարությունից հետո, թե ինքը, որպես խոշոր ընդդիմադիր ուժի ղեկավար, ամեն ինչ կանի Հայաստանում «հակառուսականության սրվող ալիքը կանխելու համար», թե Դաշնակցությունը, թե Արթուր Վանեցյանը՝ «Հայրենիք» կուսակցության նախագահը, չեն միացել այդ հայտարարությանը: Նրանք որևէ կերպ հավանություն չեն տվել Ծառուկյանի բարձրաձայնած մոտեցմանը: Չի բացառվում, որ այն ընկալել են Ծառուկյանի դիրքերի ամրացման համատեքստում, ինչը նրանց համար այդքան էլ ողջունելի չէ, քանի որ երկու ուժերն, ըստ ամենայնի, եկել էին ոչ թե նրա դիրքի շուրջ համախմբվելու, այլ նրա դիրքը վերցնելու, թերևս ակնկալիքով, որ դատարանը Ծառուկյանին վերցնելու է կալանքի տակ: Այդ տեսանկյունից, այսօր հրապարակվելիք որոշումն անշուշտ ունենալու է ոչ միայն իրավական, և գուցե ոչ այնքան իրավական, որքան քաղաքական նշանակություն, և այն էլ, թերևս, արտաքին քաղաքական նշանակություն կամ համատեքստ, հաշվի առնելով Ծառուկյանի արդեն հայտնի այդ հայտարարությունը: Չի բացառվում, որ դրան է սպասում նաև Ռոբերտ Քոչարյանը, որն օրերս հայտարարեց, թե պատրաստվում է իրավիճակի ծավալուն գնահատականի և չի ցանկանում խոսել ոտքի վրա: Բանն այն է, որ Ծառուկյանն իր հայտարարությամբ, ըստ էության, վերցրել է նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խաղաթուղթը: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էլ դատախազությունը բողոքարկել է Վճռաբեկ: