Որպես Հայաստանում ընդդիմադիր ամենամեծ ուժ, որպես խորհրդարանի երկրորդ ուժ՝ «հակառուսականության» դեմ պայքարելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հետաքրքիր իրավիճակ է ստեղծում նրա ներկա կամ պոտենցիալ դաշնակիցների՝ ՀՅԴ և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների համար:

Ինչպես հայտնի է, նրանք ստեղծել են աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված երեք կուսակցությունների ներկայացուցիչները պետք է քննարկեն համախմբման գործընթացի ճանապարհը: Այդ իմաստով հետաքրքիր է՝ Ծառուկյանի հայտարարությունը քննարկված ճանապարհի մա՞ս էր երկու մյուս գործընկերների համար, թե՞ անակնկալ:

Այն, որ առնվազն Արթուր Վանեցյանը քաղաքականությանը մերձենալուն զուգահեռ գործնականում չէր թողել կասկածի տեղ, որ դիրքավորվելու է ռուսական կողմնորոշման տիրույթում, պարզ էր:  Բայց հենց դրանով իսկ իրավիճակը դառնում է ավելի ինտրիգային, որովհետև դիտարկելով Ծառուկյանի հայտարարությունը հնարավոր տարբեր տողատակային վարկածներով՝ իսկ քաղաքականությունը գործնականում երբեք միաշերտ չէ, հնարավոր է եզրակացնել, որ ԲՀԿ նախագահը ռուսական կողմնորոշման դաշտն առաջնորդելու հարցում մրցակցում է Արթուր Վանեցյանի հետ: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը կամ նրա դեմքով գործող տնտեսա-քաղաքական ավելի լայն շրջանակ, գուցե ընդհուպ ռուսական դաշտից, փորձում է ՌԴ քաղաքական վերնախավին հավաստիացնել, որ չկա ձևավորվելիք ներքաղաքական «բևեռի» առաջնորդի կարգավիճակում Ծառուկյանին Վանեցյանով փոխարինելու անհրաժեշտություն: Իսկ այն, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդի համար խնդիրն առնվազն այդ դաշտում է՝ վեր է կասկածից:

Հազիվ թե ԱԱԾ նախկին պետը քաղաքականություն է մտել ընդամենը Գագիկ Ծառուկյանի քաղաքական «բեկ վոկալ» լինելու համար: Արթուր Վանեցյանն անշուշտ ներառվել է քաղաքական գործընթաց առավել մեծ հավակնությամբ, և նույն հավակնությունն է նրան տարել ԲՀԿ-ի հետ գործակցության: Այդ գործակցության ռազմավարական նպատակն անշուշտ ոչ թե ԲՀԿ-ի ստվերում մնալն է, այլ հակառակը՝ աստիճանաբար ԲՀԿ-ին ստվերելը:

Ծառուկյանն ըստ երևույթին լավ է պատկերացնում, որ գործընթացը կարող է պարունակել իր ձեռքով Արթուր Վանեցյանի համար շագանակ հանելու տրամաբանություն: Այդ իմաստով ԲՀԿ նախագահի հայտարարությունը պարունակում էր նաև, այսպես ասած, քաղաքական ապահովագրության նկատառում՝ սահմանելով իր համար պայքարի, այսպես ասած, բավականին բարձր նշաձող, երբ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա: