eshelon ishxanutyun

Հուլիսի 12-13-ին սահմանային իրադարձությունները դարձան հայաստանյան ներքաղաքական դաշտի լակմուսի թուղթը, սակայն հերթական անգամ այդ դաշտի ու դասի պետական ու քաղաքական անհամարժեքության առումով:

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված հայտնի զարգացումների ֆոնին Հայաստանի ներքաղաքական դաշտում ծավալվում էր երկու բան՝ կամ լռություն, կամ էլ տեղեկատվա-քարոզչական զազրախոսություն, բայց ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի իշխանության հասցեին: Գուցե դա լիներ ապշելու իրողություն, եթե լիներ առաջին առիթով կամ առաջին անգամ: Ավելին, այդ պարագայում, իհարկե, լռությունը թվում է ոսկե տարբերակ, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն չէ, որ Հայաստանում պետք է ընտրել քաղաքական չարյաց փոքրագույն վարքագիծը: Պարզվեց, որ Հայաստանի, այսպես ասած, հիմնական քաղաքական դերակատարները, որոնք բավականին մեծ աշխուժություն են ցուցաբերում այսպես ասած՝ ներքին հարցերում, սահմանային իրադրության պայմաններում ի զորու չեղան ցուցաբերել համարժեք աշխուժություն և օպերատիվություն, հայտնելով իրենց քաղաքական դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի դեմ ոտնձգության առիթով: Դա այն պարագայում, երբ անզեն աչքով նկատելի էր, որ տեղի ունեցողը ամենևին հրադադարի սովորական խախտում չէ: Ընդ որում, խոսքը նաև բացարձակապես այն մասին չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց ներքաղաքական գործողությունները, հարցերը և այլն: Ամենևին, ի վերջո, Հայաստանը տկար ու անզոր չէ, որպեսզի ի վիճակի չլինի, սահմանային թեկուզ այդօրինակ իրավիճակներում չկարողանա մի կողմից ապահովել անվտանգությունը, մյուս կողմից՝ շարունակել բնականոն կենսագործունեությունն ու կյանքը:

Ի վերջո, հենց այդ միջոցով է նաև գեներացվում այն արդյունքը, որը դառնում է անվտանգություն: Բայց, միևնույն ժամանակ, այդ բնականոնության տրամաբանությունը ենթադրում է, որ քաղաքական՝ առավել ևս հավակնություն ունեցող ուժերը, պետք է կարողանան ներքին հարցերին զուգահեռ արագ և բովանդակային արձագանքելու ունակ լինեն արտաքին իրողությունների պարագայում, և այդ պարագայում կարողանան տարբերակել ներքին հարցերը անվտանգային համապետական խնդիրներից ու նպատակներից: Մինչդեռ, հուլիսի 13-ի առավոտյան, մինչև երեկո, Հայաստանի քաղաքական որևէ ուժ, խորհրդարանական որևէ ընդդիմություն, նախկին իշխող համակարգը ներկայացնող որևէ խմբավորում չէր ստանձնել իրավիճակին արձագանքելու որևէ քաղաքական պատասխանատվություն, ըստ ամենայնի՝ կողմնորոշված չլինելու պատճառով, թե որտեղից և ինչ ուղղությամբ է փչում քամին: Սա հայաստանյան դաշտի և դասի տարիների քաղաքական արատն է, ու նաև հենց դա է, որ Հայաստանի համար կենսական հրամայական է դարձնում դրանից և դրա կրողներից քաղաքականապես ազատվելն ու նոր որակի քաղաքական ընտրախավ ձևավորելը: