ՀԱՊԿ-ը տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության համար եւ «ընդգծել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը, ցավակցելով զոհերին ու վիրավորներին եւ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»:

ՀԱՊԿ նախօրեին կայացրել էր Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու որոշում, որը սակայն ժամեր անց չեղարկել էր, ինչ որ հավելյալ խորհրդակցությունների պատճառաբանությամբ: Ըստ ամենայնի, հավելյալ խորհրդակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ պետք է սպասել, մինչեւ զոհեր լինեն նաեւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի կողմում:

Համենայն դեպս, ՀԱՊԿ հայտարարությունը տարածվում է այն ժամանակ, երբ երկու զոհի մասին հայտնել է նաեւ հայկական կողմը: ՀԱՊԿ-ում երեւի թե համարել են, որ անհարմար կլինի ցավակցել, երբ զոհ կա միայն մեկ՝ ադրբեջանական կողմում, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր հայտարարությամբ ընդամենը հերթական անգամ վկայեց, որ այլ բան չէ, քան ռազմա-քաղաքական ծամածռություն, ոչ թե դաշինք: Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ-ից ավելին սպասել պետք էլ չէր: Հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյո՞ք կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, կազմակերպությունն ակնարկում է անզորությունից խուճապի մատնված Ալիեւին կրակը շարունակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս՝ արցախյան ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ, սակայն, խոշոր հաշվով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին այժմ սահմանում է Հայաստանը, խորքային առումով լուծելով իր անվտանգության համակարգի համար անհրաժեշտ ռազմա-քաղաքական խնդիրները: ՀԱՊԿ պատասխանատվության գոտին անցնում է այնտեղով, որտեղով հայկական զինուժն անցկացնում է հայկական պետականության ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի սահմանը:

ՀԱՊԿ-ը առերեսվելու է դրան եւ խոշոր հաշվով, հրադադարի հաստատման անորոշ կամ լղոզված կոչերը գործնականում պարունակում են թերեւս Բաքվին ուղղված այդ տողատակը. Ադրբեջանին կոչ են անում կանգնել, քանի որ հակառակ դեպքում Հայաստանին տալիս են պատասխան հարվածով ՀԱՊԿ-ին փաստի առաջ կանգնեցնելու առիթ: Որովհետեւ այժմ Հայաստանին կանգնեցնել, ի տարբերություն 2016-ի, չի ստացվելու, որովհետեւ դա կարող է բավականին թանկ արժենալ Հայաստանում ռուսական ներկայության առումով: