Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայանգրին։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ և Ղազախստանի միջև նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր համաձայնագիր է, որը քննարկվել ու բանակցվել է մոտ 1,5 տարի։

«Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի ՀՀ, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն  ենթադարաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այո, շատ կարևոր է, ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թավակնից հետո մենաշնորհային երևույթները մասնավորապես նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ Մենք մինչև վերջ Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա»։