Կառավարությունը հունիսի 30-ի նիստում հայտարարել է Ղազախստանի հետ նավթամթերքի առեւտրում մաքսատուրքի չեղարկման մասին, ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի բենզինի շուկայի վրա:

Բանն այն է, որ տարիներ ի վեր Հայաստանին բենզին վաճառելու մենաշնորհը եղել է Ռոսնեֆտինը: Ղազախստանից ներկրումը թույլ կտա հաղթահարել այդ մենաշնորհը, ինչը առաջ բերելով մրցակցություն, կարող է բերել նաե բենզինի գնի նվազման: Մի բան, որը տնտեսության համար հատկապես ճգնաժամային պայմաններում ունի էական նշանակություն:

Հարցը սակայն նշանակություն կարող է ունենալ նաեւ այլ տեսանկյունից: Հայաստանի ու Ղազախստանի միջեւ տնտեսական հարաբերության խորացումը կարող է ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հետաքրքիր հեռանկար: Ղազախստանը եվրասիական տարածքում եւ հատկապես ինտեգրացիոն կառույցներում դիտարկվել է Ադրբեջանի «դեսպան»: Այդ իմաստով հայտնի է մի քանի հատկանշական դրվագ՝ 2014 թվականի մայիսի 29-ին Ալիեւի նամակի ընթերցումն Աստանայի ԵՏՄ Վեհաժողովում, 2016 թվականի ապրիլի 7-ին Նազարբաեւի հորդորով Երեւանում ԵՏՄ վարչապետների հավաքի չեղարկում, որ չնեղանա Արցախի վրա հարձակված Ալիեւը: Նիստը չեղարկելու համար Երեւան ժամանեց ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու հետո մեկնեց Բաքու:

Եթե հաջողվի հայ-ղազախական տնտեսական հարաբերությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի, դա կարող է էապես փոխել նաեւ քաղաքական ուժերի հարաբերակցությունը եվրասիական գոտում եւ ինտեգրացիոն նախաձեռնություններում: Հայաստանը չունի դրանք լքելու օրակարգի անհրաժեշտություն, հետեւաբար խնդիրը նոր իրողությունները եւ ժամանակը առավել շահեկան վեկտորների ձեւավորման համար օգտագործելն է, այդ թվում հայ-ղազախական ուղղությամբ: Այստեղ հետաքրքիր իրողություններ նշմարվեցին դեռեւս նախորդ տարի Աստանայում ԵՏՄ ղեկավարների հավաքի շրջանակում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայ-ղազախական հարաբերության վերաբերյալ բավական բազմիմաստ հայտարարություններ արեց ԵՏՄ պատվավոր նախագահ Նազարբաեւը:

Այդ ֆոնին, ուշագրավ փոփոխություններ են արձանագրվում ադրբեջանա-ղազախական հարաբերությունում։ Ամիսներ առաջ Կասպիցում Ղազախստանի սահմանապահ ջրային ծառայությունը կրակ էր բացել ղազախական ջրեր մտած ադրբեջանական ձկնորսական նավի ուղղությամբ, վիրավորել մի քանիսին եւ սպանել մի ձկնորսի: Բաքուն բավական ցավոտ տարավ միջադեպը, թե պաշտոնական, թե պրոպագանդիստական մակարդակում անելով կոշտ հայտարարություններ եւ ակնարկներ, որ տեղի ունեցածն ունի քաղաքական խորք: Ղազախստանը սակայն միջադեպի առիթով չհայցեց որեւէ ներողություն, կարծես թե հաստատելով եւ ընդգծելով, որ խորքը հենց քաղաքական է: Ըստ ամենայնի, Ադրբեջանը ինչ որ բան էր փորձել, եւ հետեւել է պաշտոնական Նուրսուլթանի կոշտ հարվածը:

Ղազախ-ադրբեջանական հարաբերության այդ շարժերը պայմանավորված են թերեւս աշխարհքաղաքական շարժերով: Ղազախստանը սկսել է Չինաստանի հետ հարաբերության սերտացման գործընթաց, իսկ այդ հարցում շատ կարեւոր է համոզիչ ցույց տալ, որ երկիրը Թյուրքալեզու պետությունների միավորման մեջ լինելով, այդուհանդերձ թյուրքական քաղաքականության ծիրում չէ: Այդ հարցում համոզիչ հանգամանք կարող է լինել նաեւ հայ-ղազախական հարաբերության սերտացումը, հատկապես երբ ղազախներն էլ թերեւս տեղյակ են, թե ինչ են մտածում չինացիները Արարատի մասին: