Վերջին օրերին բավականին լարվել է ուշադրությունը թվում է թե քնած կամ սառեցված մի հարցի նկատմամբ՝ Ամուլսար: Արդեն երկու օր է՝ ստացվում են տեղեկություններ Ամուլսարի շուրջ ինչ-ինչ զարգացումների մասին:

Ըստ դրանց՝ «Լիդիան» ընկերությունը փոխում է հանքի պահնորդական կազմակերպությանը, դա առաջացնում է հանքի ճանապարհները փակող քաղաքացիների և բնապահպանների սուր արձագանքը, կասկածները և այլն:

Աներկբա է, որ Ամուլսարի հարցը չէր կարող վերածվել, այսպես ասած, անվերջ «սառեցված հակամարտության»: Ի վերջո, այստեղ խոսքը շատ կոնկրետ իրավական հարցերի դաշտում է, և այն վաղ թե ուշ ստանալու է հանգուցալուծում: Վարչապետ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ, պատասխանելով Ամուլսարի վերաբերյալ հարցին, նշել էր, թե լիբանանյան փորձագիտական ընկերության մասնագետները պետք է ժամանեին Հայաստան աշխատանքի և հանգուցալուծման հասնելու համար, սակայն կորոնավիրուսային կարանտինը կանգնեցրել է այդ գործընթացը: Բնապահպանները ներկայումս հայտարարում են, թե «Լիդիանը» պատրաստվում է մոտ ժամանակներս սկսել հանքի շահագործումը:

Կասկածից վեր է, որ Ամուլսարի շուրջ փոքր-ինչ աշխուժացումը դառնալու է «ծաղիկ» քաղաքական ընդդիմադիր ուժերի համար, որոնք մեղվի պես գալու են «նեկտար» քաղելու և այն քաղաքական նպատակով օգտագործելու համար: Կասկածից վեր է, որ ուժեր, որոնք բացարձակապես անտարբեր էին Ամուլսարի հանդեպ մինչև 2018-ի մայիս, վերստին սկսելու են ամուլսարյան հայրենասիրությունը: Հայրենասիրություն, որտեղ իհարկե հետաքրքրության առարկան բնությունը չէ՝ բնությունն առիթ է քաղաքական առարկաները առաջ մղելու համար: Սրանից անշուշտ չի նշանակում, որ պետք է արժեզրկվի բնապահպանությունը, որքան էլ մի շարք խմբեր պատրաստ են անել դա հանուն քաղաքական նպատակների:

Մյուս կողմից՝ առավել ևս համաշխարհային համավարակային տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի համար առավել կարևոր նշանակություն է ստացել ներդրումային խոշոր ծրագիրը: Այն ոչ մի կերպ չպետք է լինի բնության և մարդկանց առողջության հաշվին, սակայն հարցը պետք է ստանա հստակ և աներկբա պատասխան՝ վտանգ կա՞, թե՞ այդ կարևոր արժեքների հաշվին ընդամենը որոշ խմբեր լուծում են իրենց համար ընթացիկ հարցեր՝ առանց խորհելու Հայաստանի տնտեսական անհրաժեշտությունների ու հեռանկարների շուրջ:

Մի բան թերևս ակնառու է, որ հետհեղափոխական առանցքային «նյարդի» վերածված Ամուլսարի հարցում փաստորեն կատարվում է դարձ ի շրջանս յուր, այն կետում, որտեղ միահյուսված են Հայաստանի բնության պահպանությունը, հանրային առողջությունը, տնտեսական առողջությունը, պետության միջազգային հեղինակությունը: Եվ այդ ամենից բացի, նաև քաղաքական կոնյունկտուրան: Կորոնավիրուսը կանցնի: Իսկ Ամուլսարի հա՞րցը: