Putin Vladimir

Հայրենիքի վերականգնմանն ուղղված բարեփոխումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է կոչում, ինչպես եղել է Ռուսաստանի կամ Ռուսիայի առաջնորդների պարագայում՝ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության քվեարկությունն ընդամենը սկիզբն է ու ժողովրդի համաձայնությունը՝ 1945 թ. սահմաններով երկրի վերականգնմանը։ Ֆյոդորովը կարծում է, որ Պուտինին կարելի է անվանել Վլադիմիր Միավորող։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը։ Նշենք, որ ըստ փոփոխությունների՝ զրոյացվում են Պուտինի նախկին ժամկետները, և նա կարող է երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Բացի այդ՝ Կրեմլի քաղաքականության երկրորդ կարևոր ուղղությունը, որը սերտ կապված է Սահմանադրության փոփոխության հետ, «աշխարհաքաղաքական մեծ աղետի»՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքների ռևիզիան է, որի մասին Պուտինը խոսել է բազմիցս, այդ թվում՝ «Նեշնլ Ինթերեսթ» պարբերականում իր հայտնի հոդվածում, որում մասնավորապես տարածքային պահանջներ էր ներկայացնում հետխորհրդային երկրներին։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն նշեց՝ հասկանալի է, որ աշխարհաքաղաքական ռևիզիոնիզմը մտնում է Կրեմլի պլանների մեջ, և այդ ռևիզիոնիզմն ունի երկու պատճառ: «Առաջինը, իմ դիտարկմամբ, բավականին սխալ պատկերացումն է այն մասին, թե Արևմուտքն այժմ միաբան չէ, և կարելի է ամեն ինչ վերցնել: Հասկանալի է, որ խոսքը սահմանների վերականգնման և մեկ միասնական պետության ստեղծման մասին չէ՝ ինչպիսին Խորհրդային Միությունն էր: Բայց Կրեմլում վաղուց են հայտարարում, որ նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքն իրենց ազդեցության գոտին է համարվում: Այսինքն՝ խոսքը քաղաքական և տնտեսական վերահսկողության մասին է հետխորհրդային երկրների նկատմամբ»:

Դրա գործիքներից մեկը, ըստ Վասաձեի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ստեղծումն էր: «Անկեղծ ասած, Վրաստանին ու Ուկրաինային այդ կառույցներում այսօր պատկերացնելը բավականին բարդ է, էլ չեմ խոսում Բալթյան երկրների մասին: Բայց ցանկությունը մնում է ցանկություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այն իրականության հետ չի առնչվում: Իսկ երկրորդ ամենակարևոր նպատակը ներքաղաքական է՝ պանդեմիայի շրջանում առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում ցույց տալ հասարակությանը, որ զոհաբերությունները հենց այնպես չեն արվում, իշխանությունը վերածնվում է և այլն»:

Միևնույն ժամանակ Գելա Վասաձեն ընդգծեց՝ շատ փորձագետներ, այդ թվում՝ ռուս փորձագետները, կարծում են, որ հանրաքվեի անցկացման ամենակարևոր նպատակը Վլադիմիր Պուտինի ցանկությունն էր՝ դադարեցնել սրվող քաղաքական պայքարը իր աթոռի համար՝ ողջ առաջնորդի օրոք: «Դա ազդանշան էր՝ ուղղված էլիտաներին՝ ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու, դադարեցրեք իրար կրծել, այդ ամենը դատարկ բան է: Արդյոք հավատացե՞լ են էլիտաներն այդ ազդանշանին, դատելով եղածից՝ ոչ այնքան: Ավելին՝ առաջիկայում Վլադիմիր Պուտինի հեռանալու շշուկներն ավելի են ուժեղացել: Ռուսական քաղաքական կյանքը մտնում է տուրբուլենտության շրջան, և պետք է լավ հասկանալ, որ հանրաքվեն տուրբուլենտության պատճառ չէ, այլ դրա պատասխանն է: Իսկ թե որքանով է այն արդյունավետ պատասխան՝ մենք դա առաջիկայում կիմանանք»,- եզրափակեց քաղաքագետը: