Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք էլ արագ զբաղեցվում են։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նոր հիվանդանոցներ են միանալու COVID-19-ի դեմ պայքարին։

Նախարարն ընդգծեց, որ աշխարհում դեռեւս շարունակվում է ակադեմիական դեբատը․ մարդն այս վիրուսով կարո՞ղ է կրկնակի վարակվել, թե՝ ոչ, առայժմ հարցի պատասխանը չկա։ Հայաստանում նման դեպք չի արձանագրվել։

Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ, քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, նաեւ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չկա։

«Չունենալով այդ պատասխանը՝ մենք պետք է առնվազն զգույշ լինենք, նույնիսկ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100 % երաշխիք չէ, որ երկրոդ անգամ չենք վարակվի»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ հույս ունեն՝ այդքան վարակված եւ ապաքինված քաղաքացի նորից չի վարակվի, սակայն ապացուցողական բազա չկա։

Զուգահեռ անցկացնելով այլ սուր շնչառական վարակների հետ, հատկապես սեզոնային՝ նկատեց․ փորձը ցույց է տալիս՝ դրանք երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում։

Նախարարն անդրադարձավ նաեւ նախորդ օրն արձանագրված 349 նոր դեպքին, նշեց՝ դեպքերի պակաս լինելը կապված է կատարված թեստերի քիչ թվի հետ, դա էլ պայմանավորված է կիրակի եւ երկուշաբթի օրերով:

Թորոսյանի խոսքով՝ արդեն տեւական ժամանակ է՝ երկուշաբթի օրերը դիտում են ցածր թվեր․ շաբաթը նոր է սկսվում եւ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են՝ դառնալով հնարավոր մաքսիմալ հզորությանը՝ մոտ 2500 թեստին համապատասխան։

Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու հարցին. «Ես անձամբ տեսնում եմ դրա անհրաժեշտությունը, և երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարի։ Սակայն մենք մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն՝ եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն կունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել կանոնները՝ նույն դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Եվ դրանից բխող պատասխանատվության միջոցներ պետք է լինեն։ Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով և այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով»։