Dram

Ներգրավված լինելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում` ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ գումար։ Այս մասին նշված է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունում։

Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ հումք, սարքավորումներ ձեռք բերելու, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու համար, հուլիսի 7-ի դրությամբ բավարարվել է 947 վարկային հայտ՝ շուրջ  59 մլրդ դրամ գումարի  չափով. բավարարված մեկ հայտի միջին ծավալը կազմել ՝ 62․3 մլն ՀՀ դրամ։

Նշենք, որ առաջին ծրագրի շահառու ընկերությունների գործունեության շրջանակը ներառում է տնտեսության գրեթե բոլոր հիմնական ուղությունները, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություն, ռեստորաններ, գյուղ․վերամշակում, առևտուր, առողջապահություն։ Աշխարհագրության առումով ևս ծրագիրը բավականին ընդգրկուն է․արտոնյալ պայմաններով վարկեր ստացել են ընկերություններ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ 10 մարզերից:

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 16.384 վարկային հայտ՝ շուրջ 24 մլրդ դրամ գումարի  չափով։

Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի գծով բանկերի կողմից սպասարկվել են նաև տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ ստանալով սոցիալական աջակցության՝ իրենց հասանելիք գումարները։

Բացի կառավարության ծրագրերից բանկերը շարունակում են նաև իրենց միջոցներով տնտեսության ակտիվ վարկավորումը։

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն