Zinvor

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը (ծնված 1989 թվականին) Լոռու մարզի Բազում համայնքից էր, իսկ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը (ծնված 1992 թվականին) Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից։

Գարուշ Համբարձումյանը ունի 7 տարեկան երեխա։ Նա գրանցված էր Բազում համայնքում, սակայն բնակվում էր Բերդում։ Այս մասին ասաց Բազումի համայնքապետ Սրբուհի Հարությունյանը։

2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր ՀՀ Զինված ուժերի լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում։ Վերջինս այն ժամանակ դեռ կապիտանի կոչում ուներ.

«Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար: Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:

Կապիտան Սոս Էլբակյանի մասին տեղեկություններ ճշտել չհաջողվեց։ Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանն ասաց, որ սպան իր հորեղբոր որդին է:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում վերը նշված սպաները հայկական կողմի առաջին զոհերն են, հայտնի է նաեւ 5 վիրավորի մասին: