Բանակը ցույց տվեց հերթական անգամ, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից, նախօրեին պաշտպանության նախարարի և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի հետ ուժի դիրքից խոսելու հերթական փորձը Ադրբեջանի համար ունեցավ բումերանգի էֆեկտ, ընդ որում՝ դա շատ մեղմ բնութագրմամբ: Խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ ուժի դիրքից խոսել է Հայաստանը:

Մի բան, որն ամենևին զարմանալի չէ, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետ թե՛ պաշտպանության նախարարի բազմաթիվ հայտարարությունները պաշտպանության ռազմավարության տրամաբանության փոփոխության և խոր պաշտպանական փիլիսոփայությունից «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տրամաբանության անցնելու մասին, թե՛ վարչապետ Փաշինյանի ընդամենը օրեր առաջ ներկայացրած ուղերձը, որ ուղեկցում էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունմանը:

Վարչապետի ուղերձում միանգամայն հստակ էր, որ Հայաստանը խաղաղության իր ռեգիոնալ քաղաքականության ու փիլիսոփայության համատեքստում «պասիվ» քաղաքականությունից անցնում է «ակտիվ» քաղաքականության: Այլ կերպ ասած՝ Հայաստանն իր ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է» հայտնի տրամաբանությամբ, այս դեպքում Երևանը գործում է՝ ռեգիոնալ խաղաղության լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է:

Իհարկե, այդ հարձակման առիթը տվել է հակառակորդը, սակայն Երևանը օգտագործել է ոչ միայն առիթը, այլ դրանից օգտվելով նաև լուծել հետագա այլ առիթներ առնվազն այդ ուղղությամբ և նաև անվտանգային գծի ամբողջ երկայնքի ընդհանուր փիլիսոփայությամբ կանխելու կամ զգալիորեն նվազեցնելու խնդիրը: Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը», որը ուժի փոխարեն փորձում էր թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու կենտրոններին տարիներ շարունակ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարությունը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական այդ քաղաքականությունն ու դրա տարիների դրսևորումները միարժեք էին դարձրել այն, որ հայկական պետականությունը կովկասյան այս ռեգիոնում խաղաղ գոյության և զարգացման հարցեր լուծելու համար չունի այլընտրանք, քան խոսել հենց ուժի դիրքից:

Ընդ որում, հայկական ուժի դիրքից այդ խոսակցությունը գոյության և անվտանգ, խաղաղ զարգացման կարևոր գրավական է ռեգիոնում գտնվող ոչ միայն հայկական պետականության համար, այլ նաև Հայաստանի հյուսիսային և հարավային երկու հարևան երկրների, քանի որ ռեգիոնալ պատերազմի անընդհատ սպառնալիքը լարվածության մեջ է պահում երկուսին էլ: