Հայաստանում դիմակների պրոֆիցիտ է առաջացել, այսօր կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, իսկ տեղական արտադրությունը 60 դրամ է, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ։ Այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան արտադրվել է։ Մեկ անգամ արդեն արտահանում կատավել է ՀՀ-ից՝ 60 դրամով։ Հիմա մենք խնդրի առաջ ենք կանգնած, որը պետք է լուծենք։ Եթե մենք չենք թողնում այդ դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառեն, որովհետև չի վաճառվում։ Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը»,- ասաց Գևորգյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բայց այդտեղից մենք այլ եզրակացություն պետք է անենք։ Դիմակների հետ կապված ես էլի ուզում եմ հիշենք մեր փուլերը՝ սկզբնական շրջանում, երբ ամբողջ աշխարհում կար դեֆիցիտ, և Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, այդ ժամանակ խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել։ Երկրորդ փուլն այն էր, որ շուկայում կար դիմակ և դրանք բավական բարձր գնով էին վաճավում։ Եվ մենք եկանք այն համոզման, որ պետք է դիմակները դարձնել պարտադիր։ Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը, մենք ասացինք ՝շատ լավ, նրանք ովքեր չունեն հնարավորություն դիմակ գնելու, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ։ Հիմա մենք կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանայաին արտադրության դիմակ։ Եվ պարոն Գևորգյան, ձեր ասած հարցը կլուծվի այդպես»։

Վարչապետն ասաց՝ երբ նայում եմ շուկայում դիմակների սպառման ծավալները, ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը համենայնդեպս գործարանային արտադրության դիմակ չի կրում։ «Եվ նաև մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակներն իրենք իրենց նշանակությամբ շատ ավելի օգտակար են»,- հավելեց Փաշինյանը։