Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, չէ՞, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ է կատարվում ոտնձգություն, չէ՞, հիմա մենք կտեսնենք ՀԱՊԿ-ի վերաբերմունքը։ Կտեսնենք՝ դա իրոք կազմակերպությո՞ւն է, թե՞ շինծու ինչ-որ կառույց։

Այս մասին ասաց ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վովա Առաքելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից կատարվող ոտնձգություններին։ «Ինձ հետաքրքիր է՝ ՀԱՊԿ-ը ի՞նչ է որոշելու։ Հին ասացվածքը ճիշտ է ասում՝ եղունգ ունես, գլուխդ քորի։ Մենք պետք է ազգովի ուժեղ լինենք»,- ասաց Վովա Առաքելյանը։

Ազատամարտիկը նշեց՝ առավոտից մարտական ընկերները, կռված տղաները զանգում են, հարցնում՝ ե՞րբ են սահման մեկնելու, ե՞րբ են զինվորի ու հրամանատարի կողքին լինելու։ «Ես ասում եմ՝ դեռ սպասում ենք։ Մենք կազմ-պատրաստ ենք։ Ճիշտ ժամանակին մենք տեղ կհասնենք, երբ մեր կարիքը լինի։ 1994 թվականի զինադադարը, երբ տականքները չոքեցին մեր դեմ, խնդրեցին զինադադար, այդպես էլ չհասկացան։ Այս անգամ չի կրկնվի 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Մեռնեմ մեր տղաների շիրիմներին, բայց դա պատերազմ չէր։ Այս անգամ մենք նրանց լուրջ պետք է պատժենք ու կհասնենք՝ որտեղ որ պետք է։ Ասում եմ՝ գոնե մեկ անգամ պատերազմ սկսի, որ այդ տականքների ազգությունը վերացնենք երկրի երեսից։ Մենք բոլորս էլ շունչ ունենք, հոգի ունենք ու կարող ենք կանգնել մեր զինվորների, հրամանատարների կողքին։ Իրենց ցավը տանեմ, անփորձանք լինեն»,- ասաց ազատամարտիկը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում զգոն են և պատրաստ ցանկացած զարգացումների։ «Սա ուղղակի սադրանք է։ Ադրբեջանում շատ խառն է։ Ալիև համբալը՝ մի կողմից, իրենց պաշտպանության նախարարը՝ մի կողմից ուզում են իրենց արդարացնելու համար ինչ-որ բան անել, պոստ գրավել, Ալիևին ցույց տալ։ Իրենց մոտ միշտ խառն է։ Երեկ եմ խոսել Արցախ։ Բոլորն իրենց տեղերում կանգնած են։ Հրամանատարներն իրենց տեղում են»,- ասաց ազատամարտիկը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հարձակում լինի Արցախի ուղղությամբ, Առաքելյանը պատասխանեց՝ դա կլինի Ադրբեջանի վախճանը։ «Եթե Ադրբեջանը ոտնձգություն անի Արցախի ուղղությամբ, դա կլինի իր վախճանը։ Սփյուռքն էլ է մեզ հետ, կջնջենք թուրքերին։ Արցախը հզոր է, Արցախը այսօր ավելի ուժեղ է։ Դեռ մեկուկես ամիս չկա, որ Արայիկ Հարությունյանը նախագահ է դարձել, իսկ Սամվել Բաբայանը՝ անվտանգության քարտուղար, իրենք լծվել են բանակաշինության գործին։ Մենք Արցախի հարցում արդեն հանգիստ ենք, քանի որ Բաբայան Սամվելն այնտեղ է։ Ինքը հրաշալի հրամանատար է, զինվորական»,- վստահեցրեց ազատամարտիկ Վովա Առաքելյանը։

Համեմատելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հասարակության  համախմբվածությունը, երկրի ներքին ու արտաքին վիճակը այսօրվա հետ՝ մեր զրուցակիցն ասաց՝ կապ չունի, թե որ ժամանակահատվածում է ու ինչ իրավիճակ է, ազգն իրականում թասիբով է։ «Այսօր ավելի թասիբով է։ Եթե որոշ մարդիկ ուզում են ազգի միասնականությունը ստուգել, թող անեն ու կտեսնեն՝ ինչպես է դրսևորվում մեր միասնականությունը։ 2008 թվականին, երբ ցույցեր էին տեղի ունենում, Լևոն Տեր-Պետրոսյանը մի բան ասաց՝ եթե հանկարծ թուրքը ոտնձգություն անի Հայաստանի սահմաններին, մենք դադարեցնում ենք պայքարն ու լծվում ազգի պաշտպանության գործին։ Այսինքն՝ սա արվում է ազգի համար, ոչ թե Սերժի, Ռոբերտի կամ այսօր՝ Նիկոլի։ Իշխանության ներկայացուցիչներն էլ են, չէ՞, մարդիկ, հո երկաթից չեն։ Այստեղ պետության մասին է խոսքը։ Կապ չունի՝ պետության գլխին ով կանգնած կլինի։ Լավ մարդ կլինի՝ ցավը տանեմ, վատ մարդ կլինի՝ пошел к чертовой матери: Ազգը միշտ միասնական է եղել ու կլինի։ Մեր ազգն անցել է հաղթական ճանապարհով։ Այս ազգին պարտության մատնել չեն կարող։ Տիգրան Մեծից հետո, երբ մենք պարտվել ենք, հետո բարոյական հաղթանակներ ենք տարել, մենք միշտ հողատարածքներ ենք կորցրել։ Բայց այսօր մենք ազատագրում ենք մեր հինավուրց հայկական հողերն ու էլի կազատագրենք։ Ավելի շատ ենք ազատագրելու»,- շեշտեց ազատամարտիկը։

Վովա Առաքելյանն անդրադարձավ այս իրավիճակում սեփական շահն առաջ տանող մարդկանց ու կազմակերպություններին, քաղաքական ուժերին, որոնք տարատեսակ հայտարարություններով փորձում են պառակտում մտցնել ժողովրդի մեջ․ «Ես իշխանություններին կոչ կանեմ, որ պատերազմական օրենքներով դատվեն բոլորը, ովքեր ուրախանում են կորոնավիրուսի դեպքերի շատացումով, մարդկանց մահանալով։ Ես չգիտեմ՝ ո՞նց կարելի է սրանց հայ անվանել։ Սրանք դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել պատերի տակ»։