Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն շաբաթներից հետո կարծես թե հաստատվել է ներքաղաքական անդորր:

Խոսքն, իհարկե, բացարձակ լռության մասին չէ, սակայն իրավիճակը նախորդ զարգացումների համեմատությամբ հնարավոր է բնորոշել անդորր: Բայց, կասկած չկա, որ խոսքը «փոթորկից» առաջ անդորրի մասին է: Փոթորիկ ասվածն, իհարկե, չի նշանակում անակնկալ կամ գերանակնկալ զարգացումներ: Խոսքը նոր աշխուժության մասին է՝ հաշվի առնելով այն, որ, մեծ իմաստով, իհարկե, հայաստանյան ներքաղաքական կյանքն աշխարհակարգային համաշխարհային վերափոխումներով պայմանավորված արտաքին մոտիվներից դուրս, շարժվում է, իհարկե, նաև ներքին մոտիվների տրամաբանությամբ: Իսկ այդտեղ գործ ունենք, իհարկե, կապիտալ-քաղաքականություն հարաբերության ճշգրտման էական գործընթացի կամ խնդրի հետ, ինչպես նաև քաղաքական դիրքավորման ճշգրտումների, որոնք պայմանավորված են հաջորդ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ իրողություններով:

Հայաստանում տեղի է ունենում քաղաքական դիրքավորումների ճշգրտում և դա, անշուշտ, ենթադրելու է ամենատարբեր աշխույժ փուլեր: Հիմնական ուղղությունները երեքն են. նախկին համակարգի շրջանակում պայքար առաջնորդի համար, պայքար այդ համակարգին և նոր իշխանությանն ընդդիմադիր շրջանակում, այստեղ հիմնական զարգացումը ծավալվում է «Սասնա ծռեր»-ի ձևավորած ազգային-ժողովրդավարական բևեռի շուրջ և, իհարկե, Հայաստանում նոր քաղաքական ուժերի ձևավորման գործընթաց: Կասկածից վեր է, որ դա ամենաբարդն է՝ հաշվի առնելով այն, որ մյուս դաշտերում խոսքն արդեն իսկ ձևավորված միջավայրերի, հաղորդուղիների, նախկին համակարգի պարագայում նաև հսկայական փողերի և նույնիսկ արտաքին դաշտից աջակցության մասին է: Այդ պայմաններում նոր ուժերի համար բավական բարդ է, թեև հենց այդ տիրույթում է, որ պետք է ծավալվի Հայաստանի համար կենսական՝ նոր քաղաքական որակի և բովանդակության գործընթացը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ եղած ուժերը առ այսօր չեն կարողանում դուրս գալ ներքաղաքական ավանդական մեթոդաբանության, գնահատման թրենդից:

Կհաջողվի՞ դա նոր ուժերին: Դա հարց է, որն ունի կարևոր հանրային նշանակություն: Ի վերջո, հենց դա պետք է լինի որևէ քաղաքական ուժի, այսպես ասած, նոր լինելու, նորության առանցքային վկայություններից մեկը: Հարցն այն է, որ, ինչպես տնտեսության մեջ, այդպես էլ քաղաքականության պարագայում շատ կարևոր է միջավայրը՝ ազատ և մրցակցային գործունեության հավասար հնարավորությունների միջավայրը: Հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար ստեղծվում են ավելի ու ավելի հավասար և ազատ, գրավիչ պայմաններ: Եվ այդ իմաստով, Հայաստանը նաև առաջընթաց է արձանագրում միջազգային մասնագիտական վարկանիշային աղյուսակներում: Երկրի զարգացման համար նույնքան կարևոր է քաղաքական գործունեության միջավայրում հավասարության ապահովումը, որի համար անհրաժեշտ են, իհարկե, ինստիտուցիոնալ ռեֆորմներ, որոնք կապահովեն ազատ քաղաքական մրցակցային միջավայրը և կբարձրացնեն Հայաստանում քաղաքական նոր որակի գործունեություն ծավալելու «գրավչությունը»:

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք Հայաստանում կչեզոքացնեն քաղաքականության մեջ հաջողության հարցում ֆինանսական պարունակության նշանակությունը: