Հայտնի ճշմարտություն է, որ հասարակական կյանքում եթե կա մի ոլորտ, որտեղ բարոյականության օրենքների մասին գոյություն ունի խիստ «յուրահատուկ» ըմբռնում, ապա դա քաղաքականությունն է։ Ելնելով իր բնույթից, որպես կանոն, քաղաքականությունը, այսպես ասած՝ հենց «շեմից» հիմնականում մերժում է բարոյականության օրենքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը և դրանց գործառման հնարավորությունը այս ոլորտում։

Ինչո՞ւ։ Որովհետև քաղաքականության ոլորտն ունի նախ՝ միայն իրեն բնութագրող սկզբունքներ և օրենքներ։ Նույնիսկ քաղաքագիտական գրականության մեջ քաղաքականության և բարոյականության հարաբերակցության խնդրին  նվիրված բանավեճը շարունակվում է մինչ այսօր և միանշանակ գնահատականներ դեռևս գտնված չեն:

Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում և միջպետական հարաբերություններում բարոյական և ապաբարոյական երևույթները մշտապես «ապրում են իրար հետ», կողք կողքի, սակայն դա չի խանգարում, որ, վերջին հաշվով, դրական (բարոյական) և բացասական (ապաբարոյական) երևույթների «հակամարտությունը» պրագմատիկ քաղաքականության պատճառով ունենա երկրորդական-երրորդական նշանակություն: Ինչո՞ւ։ Որովհետև, եթե քաղաքակիրթ երկրի ներսում բարոյական ըմբռնումների վրա հիմնված իշխում են հիմնականում ժողովրդավարական և իրավական պետության օրենքները, ապա միջպետական հարաբերություններում քաղաքականությունը հետևողականորեն պաշտպանում է իր «յուրահատուկ» վերաբերմունքը բարոյականության օրենքների հանդեպ։ Ուստի, ինչպես վկայում է աշխարհի զարգացած և թույլ զարգացած երկրների միջպետական հարաբերությունների պրակտիկան, արտաքին քաղաքականության մեջ նրանք առաջնորդվում են ոչ թե բարոյականության օրենքներով, այլ բացառապես պետական-քաղաքական շահերով։ Իսկ երբ այս կամ այն երկիրը ինչ-որ հարցի առնչությամբ ցուցաբերում է որոշակի մարդասիրական  վերաբերմունք, ուրեմն  դա նշանակում է, որ այն նախապես անցկացված է պետական-քաղաքական շահերի պրիզմայով: Պատկերավոր ասած, եթե դռնից ներս են «խուժում» պետական- քաղաքական շահերին ծառայող գրված և չգրված օրենքները, ապա անմիջապես պատուհանից դուրս են «նետվում» բարոյականության օրենքները:

Քաղաքականությունը ապագայի հնարավոր դեպքերն ու իրադարձությունները կանխատեսելու արվեստ է և պահանջում է պահի անսխալ զգացողություն ու իրավիճակի օբյեկտիվ գնահատում։ Իսկ եթե անհրաժեշտ է լինում քաղաքականության մեջ կատարել ժամանակավոր նահանջ, ապա միայն հեռահար հաղթանակն ապահովելու մանրազնին հաշվարկներից ելնելով։ Նկատի ունենանք, որ քաղաքականությունը ամենից առաջ և հետո ուժ է և իր բնույթով նման է լաբիրինթոսի։ Հատկապես արտաքին քաղաքականության լաբիրինթոսում ամեն վայրկյան կարող է մոլորվել բարոյականության օրենքներով ղեկավարվող երկրի ղեկավարը, նույնիսկ ազգն ու պետությունը: Ուստի, որպեսզի այդ լաբիրինթոսում չմոլորվեն երկրի ղեկավարը, ազգը, պետությունը, ընդամենը հարկավոր է ռազմավարական հիմքերի վրա դնել գործադրվող ուժ-քաղաքականությունը՝ հիմնականում հրաժարվելով բարոյական օրենքներից:

Անվիճարկելի է, որ ամեն մի ազգի ֆիզիկական գոյության ապահովման, ռազմա-տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման բնականոն կենսագործունեությունը սկսվում է ուժ-քաղաքականությունից և վերջանում է ուժ-քաղաքականությամբ։ Այստեղից դժվար չէ կռահել, որ պետական-քաղաքական շահերի պաշտպանության և երկրի անվտանգությանն առնչվող հիմնավորումները ստիպում է հզոր պետություններին գրեթե մշտապես անտեսել բարոյականության օրենքները: Իսկ ովքե՞ր են բարոյականության օրենքներից ամուր կառչում, եթե ոչ փոքրաքանակ ազգերն ու թույլ զարգացած երկրները։ Ուստի, բոլորովին էլ պատահական չէ, որ ռազմա-քաղաքական հաղթանակները ըմբոշխնում են այս աշխարհի հզոր պետությունները, իսկ բարոյական հաղթանակներով բավարարվում են թույլ ու անօգնական ազգերը:

Իսկ ինչպիսի՞ն է քաղաքականության հայկական ավանդական ըմբռնումը։

Բարոյական հաղթանակների, այսպես ասած՝ «ջերմ ջատագովներից» մեկն էլ մենք ենք՝ հայերս։ Կարող է օրինաչափ հարց ծագել, թե  պատմության ընթացքում արդյոք ճի՞շտ ենք ըմբռնել քաղաքականության ու բարոյականության հարաբերակցության հիմնախնդիրը։ Մեր բազմադարյան մաքառումների և ողբերգական ճակատագրի «երկարակյացությունը» վկայում է, որ՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ հարկավոր եղան ոչ ավելի, ոչ պակաս անթիվ-անհամար զրկանքներով և միլիոնավոր զոհեր պահանջող մոտ 1000 տարիներ, որպեսզի վերջնականապես համոզվեինք, որ մեր փրկության երաշխիքը պետք է փնտրել ոչ թե Արևմուտքում, Արևելքում, Հյուսիսում կամ Հարավում, այլ քաղաքականապես ինքնիշխան պետություն  ունենալու մեջ։

Արդյոք պատահականությո՞ւն է, որ մենք դարեր շարունակ թույլ ենք տալիս միշտ միևնույն սխալը։ Իհարկե, ոչ։ Մեր ազգի մեծագույն դժբախտություններից մեկն էլ այն է եղել, որ դարեր շարունակ բարոյականությունը շփոթել ենք պրագմատիկ քաղաքականության հետ, այսինքն՝ քաղաքականության և բարոյականության հարաբերակցության հիմնախնդիրը, կարծես թե, այնքան էլ ճիշտ չենք հասկացել։ Իսկ պետությունների գոյության պատմությունը  ապացուցում է, որ անկախ պետությունը հարատևում է միայն այն դեպքում, երբ հստակ գիտակցվում է քաղաքականության և բարոյականության հասարակական դերն ու նշանակությունը թե՛ առանձին-առանձին, և թե միասին վերցրած։ Այսինքն՝ քաղաքականությունը երբեք չպետք է փոխարինի բարոյականությանը, իսկ բարոյականությունը՝ քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, քաղաքականությունն առանց բարոյականության մշտապես ստեղծում է բռնության պաշտամունք երկրի ներսում, իսկ բարոյականությունն առանց ազգային-պետական շահերով առաջնորդվող արտաքին քաղաքականության, քարոզում է անարդար և դաժան իրականության հետ հաշտվողականություն, հնազանդություն, ինչու ոչ, նաև՝ ստրկական մտածելակերպի արմատավորում։

Բանն այն է, որ եթե քաղաքականությունն ու բարոյականությունը զուգակցվեն, ապա դրանց համատեղ գործառումը կարող է միայն նպաստել տվյալ երկրի ներսում ազգային պետական-քաղաքական շահերի և ռազմական-տնտեսական հզորության զարգացմանն ու ամրապնդմանը։

Քաղաքականությանը բնորոշ են նաև «պարադոքսալ» հատկանիշներ։ Օրինակ, քաղաքականությունը հասարակական կյանքի այն ոլորտն է, երբ նույն մեխանիզմով և նույն օպերատիվությամբ կարող է կործանել ինչպես իր ուժերը գերագնահատող, իրատեսությունից զրկված, մեծամոլությամբ տառապող քաղաքական գործչին (անկախ նրա ունեցած վաստակից ու հեղինակությունից), այնպես էլ բարոյականության օրենքներով առաջնորդվող և, միաժամանակ, ցանկալին իրականի հետ անընդհատ շփոթող, իրատեսությունից զուրկ (երկու դեպքում էլ իրատեսության հանգամանքը վճռորոշ է) կրկին քաղաքականապես մոլորված պետության   ղեկավարին։

Եթե քաղաքականությունը սկզբունքորեն բացառում է ցանկացած բնույթի ծայրահեղություն (շատ դեպքերում՝ նաև չափավոր մոտեցումները), առավել ևս, հանուն բարոյական արժեքների գերակայության, ապա շատ դեպքերում էլ հանդուրժում, խրախուսում է մեծապետական-մարդատյաց աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությանն ուղղված ցանկացած գործողություն։ Ներկա փուլում փոքրաքանակ քաղաքակիրթ ազգի գոյատևման և զարգացման համար մեկ ճանապարհ գոյություն ունի, այն է՝ իրագործել մարգարեի իմաստնությամբ ու ճկունությամբ քաղաքականություն (դիվանագիտություն), որը կերաշխավորի ստեղծել ռազմա-տնտեսապես հզոր երկիր՝ ունենալով  փոխադարձաբար ռազմավարական շահերի ներդաշնակ համադրումը օբյեկտիվորեն գնահատող դաշնակից աշխարհաքաղաքական բևեռ կամ գերտերություն։ Չէ որ ցանկացած քաղաքականության ռազմավարական նպատակը ազգային-պետական շահերը պաշտպանելն  է ամեն տեսակի ու բնույթի վտանգավոր պատահականություններից և անակնկալներից։

Ինչպես հայտնի է, քաղաքական-դիվանագիտական փոխհարաբերությունների իրական բնույթը այնպիսին է, որ երկու երկրների միջև բանակցությունների սկիզբը, ընթացքը և ավարտը, ինչպես նաև բոլոր պայմանները թելադրում են երկկողմանի շահերի հաշվառման անխախտ տրամաբանությունը։ Այլ կերպ, դրանք բանակցություններ են  ոչ թե հանուն այս կամ այն երկրի բարոյական նկարագրի, կեցվածքի և վաստակի գնահատման, այլ բացառապես կողմերի ազգային շահերի պաշտպանության համար։ Ուստի, առանց պայմանականությունների խիստ կարևորվում է այն հանգամանքը, թե բանակցող տվյալ երկրի շահը ինչպիսի «կշիռ» ունի ինչպես աշխարհի այս կամ այն տարածաշրջանում, այնպես էլ՝ համաշխարհային քաղաքական հարաբերությունների ընդհանուր համակարգում։ Հետևաբար, ուժ-քաղաքականության համար դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում մշտապես գործող պայմանական չափանիշները (պայմանագրերի կնքման բոլոր պայմաններն ու հետապնդած նպատակները ներառյալ) դեռևս անբեկանելի և ամենազոր փաստարկներ չեն, և, վերջին հաշվով, երբեք չպետք է միանշանակ վստահել դրանց հուսալիությանը: Անհրաժեշտության դեպքում ցանկացած դիվանագիտական «հզոր» փաստաթուղթ, ցանկացած պահի՝ որպես այդպիսին, անկասկած, կարող է վերջնականապես կորցնել իր քաղաքական-իրավական ուժը  (օրինակները շատ-շատ են պատմության մեջ)։

Օրինակ, կարո՞ղ է որևէ մեկը պնդել, թե աշխարհում ներկա սրընթաց փոփոխվող դեպքերի ու իրադարձությունների հստակ բնույթը որոշող կամ կանխատեսող, այսպես կոչված՝ «ծրարը» գտնվում է այս կամ այն պետության, քաղաքական կուսակցության կամ գործչի մոտ։ Իհարկե, ոչ։ Բոլորովին էլ միտում չունեմ թերագնահատել դիվանագիտական հարաբերությունների դերը միջպետական բնականոն կապերի ստեղծման գործում, մասնավորապես, ներկայիս համաշխարհային քաղաքական բարիդրացիական, փոխըմբռնման, համեմատաբար կայուն մթնոլորտ ձևավորելու խնդրում: Միաժամանակ այնքան էլ համոզիչ չէ, այսպես ասած, «համաշխարհային հանրության բարոյական-մարդասիրական բարձր գիտակցության», «համամարդկային քաղաքակրթական արժեքների», «միջազգային իրավական նորմերի» կամ էլ միջազգային այս կամ այն կազմակերպությունների ամենազոր  ուժին, հատկապես բարոյական հիմնավորումներով ապավինելը։

Ավելորդ է նշել, որ միջազգային հանրության կարծիքը որպեսզի իրական-քաղաքական ուժ ստանա, պետք է հիմնականում արտահայտվի պետական մակարդակով։ Իսկ համաշխարհային հանրության կարծիքը գոյանում է բազմաթիվ երկրների կարծիքների միասնությունից, որը, բնականաբար, ձևավորվում և արտահայտվում է այդ առանձին կարծիքները կրող պետությունների սեփական շահերի պաշտպանության դիրքերից։ Պատահական չէ, որ աշխարհի հավաքական կամքն արտահայտող հանրային կարծիքը երբեք ոչ տևականորեն կայուն է լինում, ոչ էլ տևականորեն՝ միանշանակ։ Այս կամ այն խնդրի նկատմամբ աշխարհի հավաքական կարծիքի կամ բարոյական վերաբերմունքի «հավերժական ճկունության» հիմնական պատճառն այն է, որ տվյալ կարծիքն արտահայտող բոլոր երկրների ռազմա-ստրատեգիական շահերի տիրույթները անընդհատ փոփոխվում են՝ կախված համաշխարհային դեպքերի և իրադարձությունների որոշակի զարգացումների  տրամաբանությունից։

Մենք՝ որպես քաղաքակիրթ ազգ, մեկընդմիշտ պետք է հրաժարվենք այն ավանդական արատավոր գործելակերպից, երբ ամեն մի ճակատագրական պահ հրաշքով հաղթահարելուց հետո բավարարվում ենք միայն մեր անցյալի սխալները արձանագրելով, բայց ոչ երբեք՝ պատմա-քաղաքական դասեր քաղելով, ինչը պայմանավորված է քաղաքականության մասին ունեցած մեր ոչ ամբողջական ու խոր պատկերացումներով։

Քանի դեռ քաղաքականության իրականացման ժամանակ որևէ պետություն սեփական մեծապետական շահերը պաշտպանելու կեղծ պատրվակով և մի այլ երկրի շահերը ոտնահարելու նպատակով դեռևս բացարձակապես ազատ է միջոցների ընտրության մեջ, քաղաքականության (դիվանագիտության) նկատմամբ հավատ ընծայելը ոչ միայն մոլորություն է, ինքնախաբեություն, միամտություն, դավադիր ինքնահանգստացում, այլև՝ պետության ղեկավար գործիչների կողմից սեփական ժողովրդի հանդեպ դավաճանություն։ Չմոռանանք, որ բոլոր դեպքերում քաղաքականությունը օժտված է ագրեսիայի և կործանելու-ոչնչացնելու անսահմանափակ հնարավորություններով։

Քանի դեռ այս աշխարհը անսահման հեռու է ներդաշնակ լինելուց, քանի դեռ բարոյականության օրենքները քաղաքականության համար չեն ծառայում որպես ուղեցույց, Մեծ քաղաքականությունը շարունակում է լինել և մնալ հզորի մենաշնորհը, իսկ բարոյականության օրենքներով ղեկավարվելը՝ թույլի։

Սակայն հարց է առաջանում. երբևիցե՞ կարող է աշխարհը ներդաշնակ լինել։ Իհարկե, ո՛չ։ Կամ, երբևիցե հնարավոր է բարոյականության օրենքները քաղաքականության համար ծառայեն որպես ուղեցույց։ Դարձյալ, ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև, քանի դեռ Երկիր մոլորակի վրա կա կամ գոյություն կունենա գեթ մի պետություն, որը կձգտի համաշխարհային տիրապետության հասնել՝ անտեսելով որևէ այլ պետության, երկրի, ազգի ազատ ու անկախ ապրելու և զարգանալու բնական իրավունքը, քաղաքականությունն ու բարոյականությունը ինչպես եղել են, այնպես էլ կմնան որպես հակոտնյա երևույթներ։

Ճիշտ է, դաժան է, բայց պրագմատիկ քաղաքական իրականությունը սա է։

«Բարոյական հաղթանակ» արտահայտությունը, ինչպես հայտնի է, մեր պատմագիտության մեջ ի հայտ եկավ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատության միջոցով։ Հետաքրքրականն այն է, որ «բարոյական հաղթանակ» արտահայտությունը այնքան «կենսունակ», այնքան «հոգեհարազատ ու գրավիչ» է եղել հայ պատմագրության համար, որ արդեն 1500 տարուց ավելի է իր ուրույն և ամուր տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջ ընդհանրապես, իսկ դպրոցական դասագրքերում՝ մասնավորապես։ Համենայն դեպս տողերիս հեղինակին հայտնի չէ մի այլ դեպք, օրինակ, երբ օտար, հատկապես մեծ և հզոր ազգերը պատմական անցյալում իրենց ձեռք բերած ռազմա-քաղաքական հաղթանակներից զատ (կամ՝ առնվազն զուգահեռ) գործածած լինեն նաև «բարոյական հաղթանակ» արտահայտությունը։ Անընդունելին այն է, որ այս արտահայտությունը դարերի ընթացքում այնքան է հոլովվել և քարոզվել սերունդներին ու ներշնչել մեծ հավատ նման անպտուղ գաղափարի նկատմամբ, որ այն դանդաղ, բայց հաստատուն կերպով ներթափանցել է նաև հայ քաղաքական մտքի մեջ և դարձել ազգային մտածողության ոչ երկրորդական տարրերից մեկը։ Անշուշտ, սա չի նշանակում, թե հայ քաղաքական միտքը ամբողջությամբ «ապրել ու շնչել է» «բարոյական հաղթանակի» բովանդակությամբ և տրամաբանությամբ։ Ոչ ոք չի ժխտում և չի էլ կարող ժխտել, որ մեր ժողովրդի պատմության մեջ եղել են բազում հաղթանակներ, ունենք զինված պայքարի բյուրավոր հերոսական օրինակներ։ Խնդիրն այստեղ այն է, որ երբ բանը հասել է բանակցային փուլին, հայկական կողմը ունենալով նաև քաղաքական անփորձություն, շատ հաճախ պարտվել է՝ բախվելով հակառակորդի չոր ու դաժան ռազմա-քաղաքական պրագմատիզմին։ Նման պարագաներում երկրորդական դեր չի խաղացել «բարոյական հաղթանակի» ախտանիշին ապավինելու, հոգեբանորեն հավատարիմ լինելու ու մնալու իրողությունը։ Պրագմատիկ քաղաքական մտքի պատմությունը լայն իմաստով վկայում է, որ ազգի գոյատևման հիմնախնդիրների, ազգային-պետական ռազմավարական շահերի պաշտպանության ընթացքում բարոյական ընկալումները կարող են շատ վատ «խորհրդատու» լինել բանակցող որևէ կողմի համար՝ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարաբերություններում։ Ավելին, քաղաքական բանակցությունների ժամանակ կարող է լիովին ձևախեղվել բարոյական ընկալումներով ղեկավարվող բանակցող կողմի սեփական շահերի  պաշտպանության մարտավարությունը։ Բարոյական ընկալումների միջոցով ձևախեղված ազգային-պետական շահերի պաշտպանության մարտավարությունն էլ հենց ձևավորում է մանիպուլյատիվ նենգափոխումների համար  մշտապես  խոցելի քաղաքական միտք։ Ցանկանում եմ ընդգծել, որ նման մարտավարության գործադրման ժամանակ բոլորովին նշանակություն չունի, թե այդպիսի դեպքերը եզակի են, թե բազմաթիվ անգամ կրկնվող։ Որովհետև, դարերով չընդհատված ազգային անկախ պետության գոյությունը ենթադրում է (հիմնականում) հղկված ու «կոփված» պետական-քաղաքական մտքի առկայություն:

Տարօրինակն այն է, որ արտաքին  քաղաքականության  ոլորտում պրագմատիկ  քաղաքական մտքի հայկական «բարոյականացված» ըմբռնումը ճիշտ հակառակ տրամաբանությամբ և բովանդակային  բացասական ուղղվածությամբ իր արտահայտությունն էր գտել Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Այսպես, հատկապես վերջին երկու տասնամյակում Հայաստանի իշխանությունների կողմից մշտապես հնչել է խիստ արտառոց հետևյալ կարգախոս–միտքը, թե, իբր, ինչպիսին հասարակությունն է իր վարք ու բարքով և մտածելակերպի տարաբնույթ արատավոր դրսևորումներով, այնպիսին էլ իշխանություններն իրենց գործելակերպով ու վարքագծով: Իսկ ավելի պարզ. այն բոլոր բացասական երևույթները, որոնք դրսևորվում են իշխանությունների վարքագծում՝ բոլոր ուղղություններով հիմնական «մեղավորը» հասարակությունն է։ Այսինքն՝ իշխանությունների գործած սխալների գերակշիռ մասը հասարակության թերությունների հայելային արտացոլանքն է և նրանց օրենքի տառին ու ոգուն համապատասխան պահանջներ ներկայացնելը, առնվազն, «արդարացի  չէ»։

Սակայն, ինչպես վկայում է պատմությունը, բոլոր ժամանակներում իշխանություններն  են հանդիսացել այն անփոխարինելի քաղաքական ՍՈՒԲՅԵԿՏ-ՈՒՍՈՒՑԻՉԸ, որը մշտապես, լավ թե վատ, կարգավորել, համակարգել և սրբագրել է քաղաքական, իրավական, կրոնական, բարոյական նորմերը, ավանդույթները և սովորույթները՝ սոցիալական բոլոր խմբերին, խավերին ու շերտերին օրենքների միջոցով դաստիարակելու համար։ Իշխանությունները գործադրելով ժողովրդավարական արժեքների հենքի վրա մշակված և ժողովրդի կամքով հաստատված սահմանադրական նորմերն ու օրենքները, պարտավոր են և´ձևավորել, և´ մշտապես կատարելագործել հասարակական հարաբերությունները, նոր բովանդակությամբ հարստացնել դրանք և ստեղծել ժողովրդի բոլոր շերտերի համար անհրաժեշտ և բավարար կենսագործունեության բնականոն պայմաններ։ Հակառակ պարագայում կրկնվող հեղափոխությունները կդառնան անխուսափելի։ Հեղափոխությունից հետո (վերջինս, թերևս, պետք է ղեկավարվեր և ղեկավարվի հեղափոխական բարեփոխումների տրամաբանությամբ) առաջնայինը պետք է լինի նոր օրենքների ընդունման միջոցով աստիճանաբար ձևավորել իրավական բարձր գիտակցություն, բարձրացնել հեղափոխություն իրականացրած Հայաստանի քաղաքացու ինքնագիտակցությունը և դնել նոր մտածելակերպի, նոր մտածողության մշակույթի հիմքերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր Ազգային Ժողովը, նոր կառավարությունը և նոր ձևավորվող դատական մարմինները հետայսու պետք է մեկընդմիշտ հրաժարվեն հասարակության վրա սեփական մեղքերն ու արատները բարդելու նախորդ տասնամյակներում իշխանությունների կողմից արհեստականորեն ձևավորած քաղաքական արատավոր ավանդույթից և անհամոզիչ ու անտրամաբանական մեկնաբանություններից։ Այսպիսով, հարկավոր է բանաձևել. հասարակությունը երբե´ք «ինքն իրեն» չի փոխվել և չի էլ փոխվելու, եթե սոցիալական բոլոր խմբերի, խավերի ու շերտերի վարքագիծն ու մտածողությունը փոխելու ռազմավարական նպատակ չեն հետապնդում իշխանությունները։

Այն երկրում, որտեղ իշխանությունները իրենց կողմից թույլ տրված սխալներն ու թերությունները մշտապես և հետևողականորեն պիտի «բարդեն» սեփական ժողովրդի, սեփական հասարակության վրա, ապա նման պետությունում հեղափոխությունները կդառնան և´ պերմանենտ, և´օրինաչափ: Նոր իշխանությունները միայն սեփական օրինակով, քաղաքական և իրավական ռազմավարական  հաշվարկների վրա հիմնված որոշումներով կարող են աստիճանաբար հաղթահարել կառավարման համակարգում, սոցիալական բոլոր խավերի, խմբերի ու շերտերի վարքագծում և հասարակական մտածողության մեջ առկա բազմաշերտ ու բազմաբնույթ արատավոր իներցիան:

Ցանկացած հեղափոխության դերն ու նշանակությունը անարժեք է դառնում, եթե չկա ռազմավարական նպատակ: Ժողովրդի արթնացած ոգին և վերածնված հավատը կարող է լեռներ շարժել, եթե առկա է ռազմավարական նպատակ և այդ նպատակի իրականացման համար անհողդողդ վճռականությամբ օժտված առաջնորդ և պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարող թիմ: Եթե հեղափոխության նպատակն է՝ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել ազգի Ինքնությունն ու արժեքները, ազգային-պետական ռազմավարական շահերը, ապա և օրվա, և ապագայի հրամայականն է դառնում գործել վճռական: «Պետք է գործել երկաթյա  ձեռքերով, բայց թավշյա ձեռնոցների օգնությամբ»,- ասել է Նապոլեոն Բոնապարտը: Ժողովուրդները ինչո՞ւ են ապստամբում, ինչո՞ւ են հեղափոխություններ անում: Ժողովուրդը իր դժգոհություններն ու զայրույթը արտահայտելով ապստամբությունների կամ հեղափոխությունների միջոցով, պարզապես պահանջում է օրվա կառավարողներից (իշխանություններից), որ նրանք  օբյեկտիվ կառավարեն և, վերջապես, օրենքների, օրենսդրական նորմերի, քաղաքական որոշումների, կառավարչական որոշումների արդար գործադրման միջոցով իրեն ճիշտ դաստիարակեն: Սակայն մեզ մոտ տեղի էին ունենում տրամագծորեն հակառակ գործընթացներ։ Բոլոր մակարդակներում իշխանությունների տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, պարբերաբար խախտելով օրենքներն ու օրենսդրական նորմերը,  փորձում էին հասարակության տարբեր անդամներին «հանել» միմյանց դեմ և թշնամացնել միմյանց հետ: Որպես հետևանք, նման պայմաններում ծաղկում էր կոռուպցիան և կաշառակերությունը, կամայականություններն ու անօրինականությունները, որոնք  սոցիալական բոլոր ոլորտներում ձեռք էին բերել «իրավական նորմերի» կարգավիճակ: Պատմությունից հայտնի չէ մի դեպք, երբ կոռուպցիան և կաշառակերությունը, կամայականություններն ու անօրինականությունները հասարակության «ներքևի» շերտերից բարձրանան «վերև»՝ դեպի կառավարողները և «վարակեն» նրանց: Բոլոր ժամանակներում էլ ամենատարբեր բնույթի ու տիպի  չարաշահումները (հատկապես՝ պաշտոնեական և բարոյական) «վերևից» ալիք առ ալիք աստիճանաբար տարածվել են դեպի «ներքև»՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներ՝  ապականելով մարդկանց հոգիներն ու մտածողությունը:

Ո՞վ կարող է ցույց տալ պատմությունից գեթ մի դեպք, երբ «ներքևները» հրովարտակներ, հրամաններ կամ օրենքներ ու օրենսդրական ակտեր կամ քաղաքական որոշումներ ու վճիռներ են «պարտադրել վերևներին»՝ անվերապահ կատարելու համար: Հնարավոր չէ ցույց տալ գեթ նման մի դեպք, քանզի ժողովուրդը կարող է ընդամենը մասնակցություն ունենալ իր և երկրի կառավարմանը, բայց ոչ երբեք գրել օրենքներ, հրամաններ և այլն: (Հասկանալի է, որ  հասարակական-քաղաքական շարժումների, հեղափոխությունների կամ էլ ազգային-ազատագրական շարժումների ժամանակ ժողովուրդը, ինչպես հայտնի է, փոխում է գործող իշխանություններին և բոլորովին նոր կառավարող մարմիններ ձևավորում՝ փորձելով վերահսկել նրանց):

Հետևաբար այն հորինովի, կեղծ «կարգախոսի» մշտական շրջանառումը, թե՝ «ինչպիսին հասարակությունն է իր վարք ու բարքով, այնպիսին էլ իշխանություններն են իրենց վարք ու բարքով», պարզապես անհասկանալի է: Շարադրելով իր պատկերացումները քաղաքականության վերաբերյալ գերմանացի նշանավոր փիլիսոփա Հեգելը գրում է. «Հնարավոր է այն, ինչի օգտին կարելի է գտնել հիմնավորում»: Մեծ փիլիսոփան մի չափազանց պարզ ձևակերպումով անհիմն ու անտրամաբանական է դարձնում ցանկացած իշխանության կողմից արատավոր բարքերից հրաժարվելու անընդունակությունը արդարացնելու բոլոր փորձերը։ Հանրահայտ է, որ ընդհանրապես քաղաքական միտքը հիմնվում է երկու հիմնական բաղադրիչների՝ ներքին և արտաքին քաղաքականության վրա: Այլ կերպ, ինչպիսի քաղաքական ու բարոյական արժեքներով են ղեկավարվում տվյալ երկրի իշխանությունները ներքին քաղաքականության ոլորտում, նույնպիսի  քաղաքական կամք և բարոյական որակներ են դրսևորում նաև արտաքին քաղաքականություն իրականացնելիս: Այնպես որ, եթե այս կամ այն դեպքերում, ամենատարբեր դրդապատճառներից ելնելով կայացվում են քաղաքական սխալ որոշումներ, ապա միշտ էլ «կարելի է գտնել հիմնավորում»,  ինչպես նշում է Հեգելը:

Եթե մենք շարունակենք քողարկված կամ ոչ քողարկված, նկատելի կամ աննկատ բարոյական տարբեր գործոններով «փաթեթավորված» արտաքին քաղաքականություն իրականացնել (այս դեպքում էական չէ մոտիվացիայի սուբյեկտն ով է կամ օբյեկտն ինչն  է), ապա մենք ՝ հայերս, հաստատապես ոչ այնքան հեռավոր ապագայում իրականություն կդարձնենք Մոնթե Մելքոնյանի մարգարեությունը, այն է՝ պարզապես «… կփակենք մեր պատմության վերջին էջը…»։

Քննարկելով մարդկության գոյության ընթացքում բարոյական գործոնի և ճշմարտության դերի ու նշանակության հարցը, հատկապես, միջազգային հարաբերություններում և աշխարհաքաղաքականության մեջ, Զ. Բժեզինսկին գրում է. «Մարդկության կեցության ընթացքում և, հատկապես, միջազգային կյանքում, ատելությունն  ու  կանխակալությունը պարունակում են առավել շատ էմոցիոնալ հզոր լիցքեր, քան ցավակցելը կամ բարոյական կապվածությունը: Դրանով իսկ բացասական այդ զգացմունքները ավելի հեշտ են տրվում արտահայտման համար, քան պատմական և քաղաքական անխուսափելի բարդ շարժառիթների առավել ճշմարիտ պատկերը, ինչն էլ իր հերթին ազդում է ոչ միայն պետությունների վարքագծերի, այլև, նույնիսկ, ահաբեկչական խմբերի վրա» (ընդգծումը՝ Ս.Հ.): Համաշխարհային քաղաքականության «պատրիարք» համարվող Զ. Բժեզինսկու դատողությունների փունջը թերևս ամենահստակ և ամենահամոզիչ պատասխանն է քաղաքականության մեջ բարոյական գործոնին տուրք տվող հայաստանյան և սփյուռքյան հասարակական-քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներին:

«Քաղաքականություն,- ահա թե որն է ճակատագիրը»,- ասել է Նապոլեոն Բոնապարտը: Քաղաքականություն երևույթին այսքան սպառիչ ու ճշգրիտ գնահատական տալ և ավելին ասել, հնարավոր չէ։ Քաղաքականությունը եթե այդքան վճռորոշ դեր չունենար պետությունների, ժողովուրդների կյանքում կամ ճակատագրեր չշոշափեր, ապա սֆինքսի նման չէր «լափի» բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում լուծել այդ «հրեշի» առաջադրած հանելուկները: Դաժան պրագմատիզմով հագեցած ճշմարտությունն այն է, որ քաղաքականություն – սֆինքսը չի խնայում ոչ միայն առանձին քաղաքական-պետական գործիչներին, կուսակցություններին, այլև, նույնիսկ, մի ամբողջ ժողովրդի, եթե վերջինս ի զորու չէ լուծելու իր գոյատևման կենսափիլիսոփայության տրամաբանությունը խաթարող քաղաքական բարդ հիմնախնդիրներ։

Ամփոփելով նշեմ, որ հայ քաղաքական և պետական-քաղաքական  մտքի բարոյականացման փորձերին նվիրված իմ դիտարկումները հանգեցնում են այն համոզման, որ մենք՝ հայերս, շատ դեպքերում պրագմատիկ քաղաքականության էությունը, յուրահատկությունը ընդունում ենք ոչ թե այնպես, ինչպես որ կա, այլ այնպես, ինչպես ուզում ենք կամ կուզեինք տեսնել այն։ Պատմությունը վկայում է, որ հատկապես արտաքին քաղաքականության  մեջ բարոյական մոլորությունը քաղաքական կործանման ստույգ նախապայմանն է: Գուցե, գործող իշխանություններին հաջողվի (չնայած բազում դժվարություններին), հնարավորինս զերծ մնալ բարոյականության տարրեր պարունակող արտաքին քաղաքականություն վարելու ավանդական գայթակղությունից։ Իսկ թե ուղնուծուծով պրագմատիզմով հագեցած քաղաքականության «հայկականացման» արատավոր փորձերից որքանով կհաջողվի խուսափել կամ վերջնականապես հրաժարվել, ցույց կտա ժամանակը։ Ուստի, ոչ միայն կարծում եմ, այլև խորապես համոզված եմ, որ եկել է հայկական պետական-քաղաքական մտքի վերարժևորման և վերագնահատման անհրաժեշտության գիտակցման ժամանակը։ Նկատենք, որ COVID-19  կորոնավիրուսի համավարակը որոշակի տեմպ հաղորդեց XX1 դարում «նոր աշխարհակարգի» ձևավորման համաշխարհային-պատմական գործտնթացներին՝ ուրվագծելով աշխարհաքաղաքական նոր  բևեռների և ուժային կենտրոնների ի հայտ գալը ավելի շուտ, քան ենթադրվում էր: Հետևաբար, նշված օբյեկտիվ գործընթացները էլ՛ ավելի հրատապ են դարձնում տողերիս հեղինակի կողմից առաջարկվող  հայկական պետական-քաղաքական մտքի վերարժևորման և վերագնահատման պատմական անհրաժեշտության գիտակցումը:

ՍԻՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տպագրվող նյութը որոշակի փոփոխություններով մի հատված է քաղաքագետ Սիրակ Հովհաննիսյանի վերջերս հրատարակված «Հայոց պետականության փշրված երազները» մենագրությունից: Ըստ հեղինակի, հայոց պետականության երազները փշրված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրականություն չի դարձել նվազագույնը՝ Սևրի պայմանագրով գծված սահմաններով Հայաստանը: