HAPK

ՀԱՊԿ Քարտուղարության մեկնաբանություն է տարածել 2020 թվականի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ծագած իրավիճակի վերաբերյալ։

ՀԱՊԿ Քարտուղարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ «Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և վկայում է հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակում», – նշված է հայտարարությունում։

«Ընդգծում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուշադրություն ենք հրավիրում, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազցմիս կոչ են արել կողմերին կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից լարվածության էսկալացիա թույլ չտալու նպատակով»։

Կրեմլը խոր անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների կապակցությամբ եւ կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն ու դադարեցնել կրակը:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք 2 կողմերին էլ կոչ ենք անում հետեւել հրադադարի ռեժիմի համատեքստում ստանձնած իրենց պարտավորություննրին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հակամարտության մասին լրագրողների հարցին:

«Ռուսաստանը, ինչպես մենք ավելի վաղ նշել ենք տարբեր հարթակներում, պատրաստ է իր ջանքերը ներդնել հակամարտության գործում՝ լինելով Մնսկի խմբի համանախագահ երկիր: Արդեն հայտնել ենք, որ եղել են ինտենսիվ հեռախոսային շփումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայ եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ: Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն»,- եզրափակել է Պեսկովը: