Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը` միջազգային մամուլի էջերում

Ամերիկյան US.News and World Report պարբերականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածությանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար, որ այն սպառնում է այն տարածաշրջանի կայունությանը, որը որպես միջանցք է գործում դեպի միջազգային շուկաներ նավթի ու գազի արտահանման համար:

Բրիտանական ԲիԲիՍի կայանը նույնպես հաղորդում է վերջին տվյալները սահմանին զարգացող իրադարձությունների մասին, ընթերցողներին հիշեցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության պատմությունը սկսած 1990-ականներից: Լրատվամիջոցի հոդվածը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն գտնվում է հայերի վերահսկողության ներքո:

ԲիԲիՍի-ն, օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարածված տեղեկությունները, գրում է, թե ադրբեջանական կողմը ոչնչացրել է հայկական մի դիրք ու հրետանի ու «մահացու հարված հասցրել հայ հարյուրավոր զինվորականների»: Կայանը սակայն մեջբերում է նաեւ հայկական կողմից այդ պահի դրությամբ ստացված տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմում զոհեր չկան, կա մի քանի վիրավոր:

«Ադրբեջանի կողմից սպանվել են գեներալ մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեվը: Հայկական կողմից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը եւ կապիտան Սոս Էլբակյանը:

«Վաշինգտոն թայմս» օրաթերթն իր հոդվածը սկսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով համակիր, Ռուսաստանի Մերձակա Արեւելքի հարցերով հաստատության ղեկավար Եվգենի Սատանովսկիի այն հայտարարությամբ, որով վերջինս հանդես էր եկել հունիսի կեսերին: Նա ասել էր. «Որքան հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական եւ քաղաքական տեսանկյունից կարելի է համարել փակված»:

Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նա ասել էր, թե «Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, կարող է ծախսել այնքան ժամանակ ու փող, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք: Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն դեպքում, եթե ուզում է, որ պատերազմը տեղափոխվի դեպի իր տարածքներ»: