Ներքաղաքական աշխույժ գործընթացների ֆոնին որոշակի աննկատ մնաց նախագահ Արմեն Սարգսյանի այցը հայ-թուրքական սահմանային ուղեկալ, նաև սահմանային Խարկով գյուղ, որտեղ շաբաթներ առաջ բարձրացվել է հայկական եռագույնը, և որը ռուսական սահմանապահ ծառայության, այսպես ասած, ենթակայությունից պետք է անցնի բաց ռեժիմի:

Ինչպես հայտնի է, հայ-թուրքական սահմանի հսկողությունը միջպետական պայմանագրով իրականացնում է ռուսական սահմանապահ ծառայությունը: Խարկով գյուղը սահմանապահ փակ ռեժիմում էր, այժմ այն կարող է բացվել, թեև գյուղը, որպես այդպիսին, ունի մեկ բնակիչ, մյուսները հեռացել են վաղուց՝ փակ ռեժիմի աննպաստության հետևանքով: Խորհրդանշականությունն այն է, որ Խարկովը Անիի դեմ դիմացն է, որտեղից անզեն աչքով տեսանելի է հին հայկական մայրաքաղաքը՝ իր ավերակներով:

Ինչո՞ւ էր այդ բարդ ներքաղաքական փուլում նախագահ Սարգսյանը որոշել այցելել հայ-թուրքական սահման և այնտեղ խոսել հայ-ռուսական բարեկամության մասին: Այստեղ կարո՞ղ էր իր նշանակությունն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջանառության մեջ մտցված և խորացող «հակառուսականության», այսպես ասած, «թեզը»: Այսինքն՝ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանում իշխանության թողտվությամբ և մասնակցությամբ խորանում է ինչ-որ հակառուսականություն՝ դավադիր նպատակներով, և կան ուժեր, որոնք «հերոսաբար» պայքարելու են դրա դեմ:

Նախօրեին այդ մասին բոցաշունչ ելույթ էր ունենում ևս մի գործիչ, որը եղել է նորանկախ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ինչի՞ համար է ստեղծվում Հայաստանում, այսպես ասած, պաշտոնական հովանու ներքո հակառուսականության ալիքի մասին տպավորություն, այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանում չկա և մի շարք պատճառներով չի կարող լինել այդպիսի հակառուսականություն: Կարող է լինել ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերության, համակեցության նոր կանոնների ձևավորման գործընթաց, որը ոչ թե ռուսական պետականության անվտանգային և կենսական այլ շահեր է ոտնահարում, այլ ընդամենը ոտնահարում է, այսպես ասած, ռուսասիրության դիրքերից անձնական և խմբային շահեր հետապնդող հայկական և ռուսական շրջանակների շահերը, որոնք ռազմավարական իմաստով որևէ կապ չունեն թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ պետական շահի հետ: Դա ցավալի, բայց ընդգծված կերպով արձանագրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստում:

Ահա այս միջավայրում Հայաստանի նախագահի այցը հայ-թուրքական սահման և ազդակները ունեին թերևս նպատակ արձանագրելու, որ Հայաստանում հակառուսականության ալիքի, այն էլ պաշտոնական հովանու ներքո այդ ալիքի մասին հայտարարությունները մտացածին շահարկումներ են:

Շահարկումներ, որոնց նպատակը թերևս ունի նաև բավականին վտանգավոր այլ խորք՝ նենգափոխել և շեղել հասունացող օրակարգը, հայկական իրավունքների և կյանքերի հաշվին կնքված հարյուրամյա ռուս-թուրքական պայմանագրերի 100-րդ տարելիցի և դրանից բխող հարցերի օրակարգը:

Հարցեր, որոնք, անկախ Հայաստանի և Ռուսաստանի ցանկությունից, տանելու են առերեսման, և այստեղ երկուստեք շահը բխում է նրանից, որ կողմերը այդ առերեսմանը լինեն պատրաստ և համարժեք:

Դա նշանակում է գնահատել, հասկանալ, որ հայ-ռուսական բարեկամության հեռանկարը անցնում է այդ պայմանագրերի սահմանով, որը հայ-թուրքական սահմանն է: Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում այդ սահմանը, որովհետև դա Ցեղասպանությամբ գծված սահմանն է: Հարցն այն է, թե 100-րդ տարելիցին սահմանի որ կողմում է լինելու Ռուսաստանը՝ Հայաստանի՞, թե՞ Թուրքիայի կողմում: