Հայաստանի հետհեղափոխական քաղաքական կյանքում գերիշխող նոր ու նախկին «դիսկուրսը» դուրս է թողել առանցքային հարցերից մեկը, որ օբյեկտիվորեն առաջանում է ցանկացած հեղափոխական իրադարձությունից, փոփոխությունից հետո, ընդ որում՝ անկախ դրա բնույթից՝ թավշյա, թե բախումնային հեղափոխություն:

Խոսքն այն մասին է, որ հեղափոխական փոփոխությունից հետո առաջանում է էվոլյուցիոն փոփոխության հարցը, ըստ այդմ՝ դրա համատեքստում առաջ է գալիս այն, թե ինչ ուժ է լինելու, որ ի զորու է լինելու փոխարինել հեղափոխությամբ ձևավորված իշխանությանը: Առանձին հարց է այն, թե ինչ ժամկետում է հնարավոր լինելու այդ փոփոխությունը, առավել ևս՝ ինչ ճանապարհով: Բայց այդ հարցերը կախված են հենց այն հանգամանքից, թե ինչպիսի պատասխան է ստանալու հանրությունը առաջին հարցի առումով՝ ինչ ուժ է փոխարինելու կամ ունակ լինելու փոխարինել հեղափոխությամբ ձևավորված իշխանությանը: Բանն այն է, որ այդպիսի ուժի բացակայությունը, կամ դրա ձևավորման գործում տևականությունը, ժամանակահատվածի, այսպես ասած, երկարությունը կարող է բերել հետհեղափոխական որոշակի արատավոր «էֆեկտների»:

Բանն այն է, որ այդպիսի ուժի բացակայությունը բերում է նրան, որ «փոխարինման» հավակնորդներ են դառնում կամ նրանք, ովքեր դարձել էին հեղափոխության զոհ, կամ նրանք, ովքեր հեղափոխության գործընթացում մարգինալացվել էին, և կամ հենց հեղափոխական թիմի որևէ սեգմենտ, ինչը որևէ կերպ նշանակելու է քայքայման և պառակտման գործընթաց: Այդպիսով, եթե չի ձևավորվում նոր ուժ՝ նոր միջավայրում, տվյալ դեպքում նոր Հայաստանում, որն ունակ է լիարժեք հավակնել կառավարման, ապա որևէ այլ ուժով հեղափոխական իշխանության փոխարինում ենթադրելու է անխուսափելի «ստագնացիա»: Դա, իհարկե, շատ ավելի նախընտրելի է, քան անփոխարինելիության հանգամանքի կարծրացում, բայց բոլոր դեպքերում ցանկալի չէ, որպեսզի ռևոլյուցիայից էվոլյուցիա անցումը լինի ստագնացիոն ռիսկի ճանապարհով: Առավել ևս, երբ հայտնի չէ, թե այդ ընթացքում Հայաստանն արտաքին ինչ միջավայրում և ազդեցության ինչ գործոնների դաշտում է լինելու:

Ըստ այդմ, Հայաստանում կառավարման պատասխանատվություն ստանձնելու կարողունակ նոր ուժի ձևավորումը առանցքային, հիմնարար նշանակության հարց է, որը, սակայն, մղվել է դուրս, որովհետև այդ ուժի ձևավորման շահառուների քաղաքական շրջանակը կամ չափազանց նեղ է, կամ չկա ընդհանրապես՝ հանրությունից բացի: Ի վերջո, քաղաքական մեծամասնության համար նախընտրելի է այսպես ասած՝ հների դիսկուրսը, որտեղ դեռ երկար ժամանակ լինելու են հաղթող: Մյուս կողմից, դրան զուգահեռ, հեղափոխական հավաքական թիմում կան տարբեր խմբեր և բաղադրիչներ, որոնք նաև ակնկալում են հաղթանակ թիմի ներսում և առավել մեծ ազդեցություն հաջորդ իշխանության ձևավորման ցիկլում: Այդպիսով, ստանում ենք մի պատկեր, երբ հանրությունից բացի, չկա որևէ այլ շահառու, որ մոտիվացված է Հայաստանում նոր բովանդակության և որակի կրող քաղաքական միավորների կամ միավորի ձևավորման հարցում: Ստացվում է, որ ընդհանուր առմամբ, իհարկե, էապես բացելով քաղաքական մրցակցության միջավայրը հեղափոխությամբ, հետհեղափոխական շրջանում այդ միջավայրը գնաց ավելի կարծրանալու ճանապարհով: Ներկայիս ներքաղաքական սուր դիմակայությունը այդ գործընթացի արտացոլումն է, ու թվում է, թե դիմակայության մասնակից, անմիջական մասնակից կամ «դիտորդ» կողմերը դժգոհ են միմյանց կոշտությունից, այդուհանդերձ, նրանք այդպիսով պահում են այն «դիսկուրսը», որում ունեն քաղաքականապես մի դեպքում գերիշխող, շատերի դեպքում պարզապես ողջ մնալու շանս: Նոր ուժի համար դա բավականին բարդ միջավայր է, ազատ, սակայն բավականին բարդ միջավայր, առավել ևս խոշոր կապիտալի լեգիտիմության, սոցիալ-տնտեսական ապաբևեռացման և քաղաքականության ու կապիտալի փոխհարաբերության հարցերի համակարգային լուծման բացակայության պայմաններում: