Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել. հստակ մեկնաբանությունների ակնկալիքով լրագրողները կարող են դիմել ՀՀ նախագահի աշխատակազմ և հստակ պարզաբանում ստանալ:

Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեինՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ չի ստորագրելու «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունները:

«ՀՀ նախագահի կողմից ԱԺ նախագահին իր մտադրությունների մասին տեղեկացնելը ես ընկալում եմ որպես գործընկերային քայլ, որով մեկ սահմանադրական մարմնի ղեկավարը մեկ այլ սահմանադրական մարմնի ղեկավարին տեղեկացնում է իր մտադրությունների մասին»,-ասաց նա:

Մակունցը նշեց, որ այս քայլը չի դիտարկում, որ կա խնդիր օրենսդիր մարմնի և երկրի նախագահի միջև. «մենք տարբեր ձևաչափերով տարբեր սահմանադրական և ոչ սահմանադրական մարմինների հետ առանձին հանդիպումներ, քննարկումներ ունենում ենք, այդ թվում նախագահի աշխատակազմի հետ: Հարաբերությունները գործընկերային են»,-ասաց նա: