hayastan-armenia

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Մացոտակիսը հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունում իրենց միջնորդներ պետք չեն, ի պատասխան տեղեկության, թե Աթենքն ու Անկարան կբանակցեն Գերմանիայի միջնորդությամբ:

Նա նշել է, որ թեև ունեն լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ, բայց հարևաններ են և պետք է բանակցեն: Հունաստանի վարչապետի հայտարարությունը պարունակում է կարևոր ասպեկտ նաև Հայաստանի, ավելի շուտ՝ հայ-թուրքական հարաբերության համար: Հարցն արդիական է եղել միշտ և առավել ևս այդպիսին է ներկայիս համաշխարհային իրողությունների պարագայում, երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ և դրանում էապես բարձրանում է հայկական հարցի նշանակությունն ու դերը, ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական:

Թուրքիան այստեղ պատրաստվում է մեծ դիմակայության, ինչին պետք է պատրաստ լինի, և, թերևս, պատրաստվում է նաև Երևանը, հաշվի առնելով մի շարք արտաքին քաղաքական քայլեր: Այդ ամենով հանդերձ, առավել արդիական է դառնում հարցը՝ իսկ հնարավո՞ր է պատկերացնել Երևանի և Անկարայի ուղիղ շփում, առանց միջնորդությամբ, հարցերի ուղիղ քննարկում, անկախ տարաձայնություններից և խորքային պատմա-քաղաքական խնդիրներից ու, բնականաբար, Ցեղասպանության հարցից և ժխտողականության հանգամանքից: Ի վերջո, երբ չկա ուղիղ շփում, տարաձայնությունների և հակադրությունների հանգամանքը դրանից որևէ կերպ չի մեղմվում կամ փոխվում, հետևաբար՝ այդ ուղիղ շփումը եթե չօգնի, հաստատապես չի էլ վնասի: Ունենալ պատրանքներ, թե Երևան-Անկարա ուղիղ հաղորդակցության որևէ ձևաչափ, բանակցային որևէ գործընթաց ի վիճակի է լուծել հիմնարար, խորքային խնդիրներ, առավել ևս բերել Անկարային ժխտողականությունից հրաժարվելու դաշտ, միամտություն է: Մյուս կողմից, այստեղ, թերևս, մի առանցքային հանգամանք պետք է հաշվի առնի Թուրքիան՝ պատրանք է մտածել, թե հնարավոր է ազատվել հայկական հարցից որևէ երրորդ կողմի հետ հարաբերության միջոցով: Թուրքիան այդ իմաստով ունի այդ հարցից «ազատվելու» մի տարբերակ, պատմության համար պատասխանատվության ստանձնում և այդ շրջանակում ուղիղ հաղորդակցություն Երևանի հետ: Անկարան, իհարկե, չի գնա դրան, համենայնդեպս, քանի դեռ այդ երկրում իշխում է Էրդողանը կամ նրա, այսպես ասած, գաղափարախոսությունն ու ոգին:

Մեկ այլ հարց է, թե արդյոք Թուրքիայում կարո՞ղ է իշխել որևէ այլ գաղափարախոսություն: Մյուս կողմից, սակայն, այստեղ հարցն այն է, թե նաև ինչ ընթացիկ անհրաժեշտության առաջ է լինելու Անկարան, անկախ իշխող գաղափարախոսությունից: Աներկբա է մի խնդիր, որ Հայաստանի պետական ռազմավարության առաջ է. Երևանը պետք է հետևողականորեն ցույց տա, որ Թուրքիան չունի հայկական հարցում որևէ երրորդ կողմի հետ պայմանավորվելու և այդպիսով տակտիկական կամ ռազմավարական լռեցման կամ սառեցման հասնելու շանս, և հայկական հարցում ճնշումը թուլացնելու միակ ճանապարհը Երևանի հետ հաշվի նստելն ու բանակցելն է, թեկուզ այն հարցերի շուրջ, որում կարող է լինել համաձայնության հեռանկար: Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունն ադրբեջանական տիրույթից ազատելու հարցը: Մինչ այդ, իհարկե, Երևանին պետք է հաջողվի այդ հարաբերությունն ազատել նաև ռուս-թուրքական պայմանագրերի տիրույթից: