Erazhshtutyun

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը եւ աշխատակիցները։  Ցույցին մասնակցում էին նաեւ երգիչ, երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ ու մատուցողներ։

Նրանք պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

Լրագրողների հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ եթե կառավարությունը հարցին լուծում չտա, ապա պարաստվում են վաղն առավոտից նստել շենքի դիմաց ու պահանջել, որպեսզի իրենց այլ աշխատանքի տեղավորեն: Հայտնեցին, որ ավելի վաղ կառավարությունից իրենց խոստացել էին, քննարկել եւ պատասխան տալ, բայց ոչ մի պատասխան էլ չեն տվել: «Եթե մեզ թույլ չեն տալու մեր աշխատանքով զբաղվել, ապա թող գործով ապահովեն, պատրաստենք ցանկացած աշխատանք կատարել, իսկ այսպես սովի ենք մատնված»,-ասացին նրանք:

Նրանք նաեւ նկատեցին, որ իրենց նախորդ բողոքի ցույցի ժամանակ ներկայացրել էին պլան, որին համապատասխն կարելի էր աշխատել: Նկատեցին՝ ենթադրենք, մեկ սեղանի մոտ նստում էին նախկինում 10 հոգի այժմ կնստեն 5 հոգի, կպահպանեն հեռավորությունն այնպես ինչպես արվում է վերաբացված սրճարաններում կամ այլ հանրային վայերերում:

«Տրանսպորտում իրար քիփ նստում են վարակ չկա, մոլերը բաց են, մարդիկ նույն կոշիկը, նույն շորը 10 անգամ փորձում են, չեն վարակվում: Ինչպե՞ս եղավ, որ բոլոր բաց հանրային վայրերեւոմ վարակը չի տարածվում, իսկ ռեսորաններում հեռավորության վրա նստելիս էլ պիտի տարածվում: Այս իրավիճակում Դըռբդի տակ են ընկել միայն ռեստորանները: Անընդահատ տեղաշարժի սահմանափակումներով եւ դիմակներով սովի մատնել մեզ  եւ 4 պատի մեջ նստեցնելը ճիշտ չէ: Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան կմեռնենք վարակից»,- ասաց ռեստորանի երգիչներից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ նկատեց՝ հոգեբանորեն իրենք արդեն գրեթե մեռած են:

Նրանք ասացին, որ մշակույթը հիվանդ է ու այս տեմպերով կարող է մահանալ: Նաեւ նկատեցին, որ այսքան ժամանակ է՝ չգիտեն՝ ունե՞ն մշակույթի նախարար, թե՝ ոչ, եթե ունեն, ապա ո՞ւր է կորել նա եւ ինչո՞ւ որեւէ հարցի լուծման չի նպաստում, կամ առհասարակ ինչու ասպարեզում չկա:

Քիչ ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին երաժիշտներից մեկին, ապա մեկ ուրիշին: Լրագրողների հարցին, թե ինչու են բերման ենթարկում նրանց, ոստիկանները չպատասխանեցին, միայն հորդորեցին սոցիալական հեռավորություն պահպանել:

Մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո մնացածը սկսեցին իրենց գործընկերներին հորդորել միմյանցից հեռու կանգնել, իսկ Երգչուհի Աննա Չալդրանյանը նկատեց. «Թող տանեն էնտեղ պահեն, միեւնույնն է տանը սոված նստած եմ, էնտեղ կմնամ, ի՞նչ տարբերություն»: