Hayastan

Հուլիսի 6-ին, օրվա առաջին կեսին, ռումբի տեղադրման ահազանգով տարհանվել է Երևանի երկու խոշոր առևտրային կենտրոն: Անկասկած է, որ երկու ահազանգերը կապ ունեն միմյանց հետ, ինչը ըստ էության կասկածներ է առաջացնում այն մասին, որ կարող ենք գործ ունենալ Հայաստանում իրավիճակի ապակայունացմանը միտված հեռախոսային ահաբեկչության հետ:

Այն, որ դա կարող է լինել Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մի բաղկացուցիչ՝ թերևս ոչ միայն կասկածի ենթակա չէ, այլ նաև ունի մեծ հավանականություն: Ըստ այդմ՝ տեղի ունեցողը, որ կարող է լինել ուղղակի իրավապահների զգոնությունը շոշափելու քայլ, պետք է ստանա անկասելի պատասխան, և պետք է հստակ լինի, որ այդօրինակ մեթոդներով Հայաստանն անընդհատ լարվածության մեջ պահելու մարտավարությունը չի կարող ունենալ հաջողություն: Ավելին, ոչ միայն չի կարող ունենալ հաջողություն, այլև ունենալու է անվերապահ անհաջողություն և ձախողում՝ դրանից բխող իրավական, քրեաիրավական պատասխանատվությամբ:

Ընդհանրապես, այդօրինակ գործողությունը, այն էլ՝ համավարակային արտակարգ իրադրության պայմաններում, պետք է գնահատվի ոչ թե պարզապես խուլիգանություն, այլ հանցագործություն պետության դեմ: Պետություն, որը ներկայումս մի կողմից՝ ահռելի ջանք է գործադրում համաշխարհային համավարակի իր բաժին պայքարն առաջ մղելու համար, մյուս կողմից՝ ակնհայտորեն հայտնվել է երկրի ներսում քաղաքական ցուցանակների տակ ծվարած հինգերորդ շարասյան աշխույժ թիրախավորումների ալիքի տակ: Ահա այդ պայմաններում իրավիճակի ապակայունացման որևէ փորձ այլ բան չէ, քան գրոհ պետության դեմ:

Ակնառու է, որ «ստուգման» է ենթարկվում հետհեղափոխական Հայաստանի ամեն մի սանտիմետրը՝ հասկանալու, պարզելու համար, թե որտեղից է հնարավոր ճեղքել: «Ճեղքման» մի «ավանդական» ուղղություն՝ սահմանը, ռազմական առաջնագիծը, ներկայումս առավել քան ամուր է, և թե՛ ռազմատեխնիկական, թե՛ ռազմաքաղաքական գործոնների, հեղափոխությունից հետո Երևանի սահմանած քաղաքական որոշակի նշաձողերի արդյունքում առաջնագիծը հնարավոր չէ օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ: Ըստ այդմ՝ ներկայումս ինտենսիվ կերպով շոշափում են Հայաստանի թիկունքը: Դա նշանակում է, որ այնտեղ տրվող պատասխանները պետք է իրենց բնույթով և տրամաբանությամբ լինեն այնպիսին, ինչպիսին լինում են պատասխանները պետության դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:

Ասել կուզի՝ Հայաստանը պետք է հստակորեն ցույց տա, որ թիկունքը պակաս ամուր չէ, քան առաջնագիծը, և ավելին՝ ամուր թիկունքն է նաև ամուր առաջնագծի գրավականը, և պետք է նաև թիկունքային ամրության ու կայունության ինստիտուցիոնալ երաշխիքներ ձևավորի՝ աներկբա ցույց տալով, որ այստեղ էլ որևէ «հույս փայփայելը», թե հնարավոր է «ճեղքել» Հայաստանը, անմիտ է: