axjik

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Շ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հակոբ Շ.-ն 45 տարեկան էր: Նա մեղադրվում էր բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքը անձի սեռական անձեռնմխելիությանն է վերաբերում, այդ պատճառով անունները փոխվել են:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Հակոբ Շ.-ն երևանյան հյուրանոցներից մեկի առանձնասենյակում, օգտվելով Անուշ Մ.-ի (անունը փոխված է) անօգնական վիճակից, այնուհետև նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ գլուխը լոգարանի պատին հարվածելով ու կոպի շրջանում սալջարդ վերք պատճառելով՝ բռնաբարել է նրան՝ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նախ մահճակալի վրա, ապա լոգարանում:

Այս գործը մեր դատական համակարգի «երկարակյացներից» է: Նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որտեղ  2015 թվականի հուլիսին այն իր վարույթ է ընդունել դատավոր Արմեն Խաչատրյանը:

2016 թվականի հունվարին Արմեն Խաչատրյանը նշանակվել է Երևանի մեկ այլ դատարանի դատավոր: Իսկ հիշյալ գործը 2016 թվականի հունվարին իր վարույթ է ընդունել դատավոր Ռուբիկ Մխիթարյանը: Այս դատավորն էլ 2016 թվականի հունիսին է նշանակվել այլ դատարանի դատավոր:

Եվ «բազմաչարչար» գործը  2016 թվականի հունիսին իր վարույթ է ընդունել դատավոր Աննա Մաթևոսյանը:

Գործով վերջնական դատական ակտ է կայացվել… 2020 թվականին՝ դեպքից շուրջ 6 տարի անց:

Դատական նիստերի հետաձգումների մի նշանակալի մասը կատարվել է դատական քննությանը տուժող Անուշ Մ.-ին մասնակից դարձնելու ջանքերի պատճառով, սակայն ի վերջո՝ դատարանի գործադրած ջանքերն արդյունք չեն տվել, տուժող Անուշ Մ.-ն այդպես էլ չի ներկայացել դատարան ու չի հարցաքննվել դատարանում: Այս հանգամանքն իր անմիջական ազդեցությունն է ունեցել գործի ելքի վրա…

Գործով դատավճիռ հրապարակելու ժամանակ ամբաստանյալ Հակոբ Շ.-ն արդեն 51 տարեկան էր…

Բռնաբարության մեղադրանքը Հակոբ Շ.-ն չի ընդունել ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ:

Նա հայտնել է, որ Անուշ Մ.-ն աշխատել է իր սրճարանում: Դեպքից մի օր առաջ՝ ուշ ժամին, ինքը սրճարանում նկատել է մի վախվորած աղջկա: Աշխատողներն ասել են, թե նա շներից վախեցել ու մտել է սրճարան:

Ըստ Հակոբի՝ իր սրճարանի մոտակայքում շները մինչ այդ որևէ մեկի վրա չէին հարձակվել, իսկ աշխատակիցները աղջկա գոռոցի վրա դուրս գալով՝ շուն չէին տեսել: Այնուամենայնիվ, նրան տարել էին սրճարան, հանգստացրել էին: Ինքն էլ աշխատողներին հորդորել է աղջկան ջուր, թեյ կամ գարեջուր առաջարկել, աղջիկը գարեջուրն է նախընտրել:

Նա զրուցել է աշխատողների հետ, ասել է, թե քրոջ հետ  հանրակացրանում է ապրում, աշխատանք չունի: Ինքն առաջարկել է, որ նա մի քանի օր փորձնական գա սրճարան, որպես  մատուցողուհի աշխատի: Աղջիկը համաձայնել է: Իր հիշելով՝ այդ օրն իր ընկեր Կամոն (անունը փոխված է) նրան մեքենայով տարել է հանրակացարան:

Հաջորդ օրը Անուշը ներկայացել է աշխատանքի: Երեկոյան Կամոն զանգել, իրեն ռեստորան է հրավիրել՝ ուրախ առիթ նշելու: Ռեստորանից գնացել են իր սրճարան, որտեղ Կամոն դարձյալ հյուրասիրություն է կազմակերպել: Աշխատողները, այդ թվում՝ Անուշը, խմել են: Ինքը հարցրել է՝ Անուշին այդ օրվա համար վճարե՞լ են, ասել են՝ 2 հազար դրամ են տվել: Ինքը աղջկան  խրախուսելու համար ևս 3 հազար դրամ է տվել: Անուշը խմիչք օգտագործելուց հետո ասել է, թե վատ է զգում, չի կարող այդ վիճակում գնալ հանրակացարան՝ քրոջ մոտ: Ինքը նրան առաջարկել է գնալ մոտակա հյուրանոցներից մեկը, հանգստանալ: Անուշը համաձայնել է: Ինքը Կամոյին խնդրել է Անուշին մեքենայով տանել հյուրանոց: Ինքն էլ էր նստած մեքենայում: Անուշին տարել են հյուրանոց: Կամոն իջել է մեքենայից, խոսել է հյուրանոցի մատուցողուհու հետ: Դրանից հետո իրենք մտել են առանձնասենյակ: Գարեջուր և սուրճ են պատվիրել:

Սենյակում ջակուզի է եղել, Անուշը ցանկություն է հայտնել լողանալու: Ինքը սենյակում սուրճ է խմել, այդ պահին Անուշը կանչել է իրեն: Ինքը մոտեցել ու տեսել է, որ նա ջակուզիում մերկ է: Նա իրեն կանչել, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ինքը մերժել է: Այդ ժամանակ Կամոն այդտեղ չէր, գնացել էր սրճարանը փակելու: Անուշը խնդրել է օգնել, որ դուրս գա ջակուզիից: Ինքը հիշում է, որ տաք էր, գոլորշի, ինքը բռնել է Անուշի ձեռքից, հետո ուշքի է եկել… անկողնում: Հասկացել է, որ տաք օդից ուշաթափվել էր: Հետո ինքը դուրս է եկել, մոտեցել է հյուրանոցի մատուցողուհուն, գումարը վճարել ու գնացել է տուն: Հյուրանոցի բակում Անուշին չի տեսել:

Առավոտյան եկել են ոստիկաններն ու իրեն հրավիրել են ոստիկանություն՝ բռնաբարության կասկածանքով:

Ինքը հետագայում տեղեկացել է, որ Անուշն առաջին անգամը չէ, որ ցանկացել է «շառ անել»՝ իբր իրեն բռնաբարել են:

Ինքը չի տեսել, որ Անուշն ու Կամոն սեռական հարաբերություն ունենան, դրա մասին չգիտի: Անուշի մարմնի վրայի կապտուկները կարող էին առաջանալ նրա կամքով տեղի ունեցած սեռական հարաբերության ժամանակ:

Նախաքննական ցուցմունքում Հակոբը կարծիք էր հայտնել, թե Անուշի կոպի շրջանի վնասվածքը հնարավոր է՝ առաջացած լինի ջակուզիից դուրս գալու ժամանակ սայթաքելու կամ ընկնելու հետևանքով:

Դատական ակտում արձանագրված է, որ դատական քննության ամբողջ ընթացքում հնարավոր չի եղել ապահովել տուժող Անուշ Մ.-ի ներկայությունը: Նախորդ դատավորի նախագահությամբ գործի քննության ժամանակ Անուշը դատարանում սկսել է հարցաքննվել, նա հայտնել է, թե նախկինում Հակոբին չի ճանաչել: Դեպքից առաջ կանգառում երեկոյան իջել է, իր վրա հարձակվել են փողոցային շները: Ինքը գոռացել, օգնություն է կանչել: Մոտակա հացատան աշխատակիցները մոտեցել են, իրեն ներս են տարել, ջուր են տվել, հանգստացրել:

Հակոբի հետ ծանոթացել է այդ օրը:  Նա իրեն առաջարկել է որպես մատուցողուհի աշխատել հացատանը: Ինքը համաձայնել է: Հակոբն ու նրա ընկեր Կամոն իրեն մեքենայով հանրակացարան են տարել: Հաջորդ օրը ինքը ներկայացել է աշխատանքի: Հակոբի կողմից որևէ ավելորդություն չի նկատել: Հետո եկել է Կամոն, ասել է՝ ուրախ առիթ կա, պետք է նշեն: Նա բաժակները վիսկի է լցրել: Ինքը շատ քիչ է խմել, բայց քանի որ ընդհանրապես չի խմում, խմիչքն իր վրա ազդել է: Աշխատողները գնացել են, Հակոբենք ասել են, որ ինքը կարող է մնալ, իրեն տուն կտանեն:

Ներկա էր նաև Կամոյի եղբայրը: Ինքը համաձայնել է: Առաջարկել են մի-մի բաժակ էլ խմել: Դրանից հետո ինքն իրեն ոչ թե վատ, այլ թույլ է զգացել: Հակոբն իրեն տարել է խոհանոց, ազատություն է տվել ձեռքերին, բայց ինքը թույլ չի տվել:

Հակոբը կանչել է Կամոյին, ասել է, որ մեքենան մոտեցնի հացատան մուտքին: Նա իրեն գրկելով տարել, նստեցրել է մեքենա: Մեքենան Կամոն էր վարում: Նրանք իրեն տարել են մոտակա մի  հյուրանոց: Կամոն դուրս է եկել, խոսել մատուցողուհու հետ: Հակոբն իրեն գրկած իջեցրել է մեքենայից, տարել է երկսենյականոց համար, որտեղ ջակուզի կար: Ինքը չի դիմադրել, չի գոռացել, քանի որ վախեցել է: Հակոբն իրեն պառկեցրել է մահճակալին, հանել է շորերը:

Ինքն ասել է,  թե չի ուզում, բայց Հակոբը իր գլուխը հարվածել է պատին: Հետո նա պատռել է իր ներքնազգեստը, իրենք սեռական հարաբերություն են ունեցել: Հակոբն իրեն տեղափոխել է ջակուզի: Ինքը դարձյալ չի դիմադրել, միայն խոսքերով է ասել, որ չի ուզում: Կամոն այդ ժամանակ գնացել էր հացատունը փակելու: Ջակուզիում էլ իրենք սեռական հարաբերություն են ունեցել: Հակոբը բռնություն  չի գործադրել, ուղղակի եղել է ագրեսիվ, ինքը վախեցել է: Ինքը մինչ այդ կույս չէր:

Հակոբից հետո եկել է Կամոն, նա էլ է իր հետ սեռական հարաբերություն ունեցել: Նրա հեռանալուց հետո նորից եկել է Հակոբը: Այս անգամ նա հարվածներ է հասցրել իր դեմքին, գլուխը հարվածել է պատին: Այդ ժամանակ նա պատին արյուն է նկատել, Կամոյին կանչել է: Ինքը արագ վերցրել է հագուստը, նստել է մեքենա, Կամոն իրեն տարել է հանրակացարանի բակ ու թողել է այնտեղ: Ինքը զանգել է ոստիկանություն: Իրեն նկատել են հանրակացաանի մոտի հյուրանոցի աշխատողները, օգնել են մինչև ոստիկանների գալը: Ինքը ոստիկանների հետ գնացել է այն նույն հյուրանոցը, Հակոբն ու Կամոն դեռ այնտեղ էին: Հետո իրեն տարել են ոստիկանություն:

Անուշ Մ.-ն, պատասխանելով կողմերի հարցերին, ասել է, թե միայն քրոջն է ասել, որ իրեն բռնաբարել են: Ինքը վախից չի դիմադրել: Խոսքերով է ասել ու լացելով է հասկացրել, որ չի ուզում…

Նախորդ դատավորի նախագահությամբ նիստի ժամանակ տուժող Անուշ Մ.-ն հարցաքննության կեսից, չենթարկվելով դատարանի պահանջին, հեռացել է դահլիճից՝ խուափելով հարցաքննությունից: Դրանից հետո այլևս հնարավոր չի եղել նրա ներկայությունն ապահովել դատարանում:

Դատարանն արձանագրել է, որ տուժող Անուշ Մ.-ի  ցուցմունքների արժանահավատության տեսանկյունից հատկանշական է, որ նա  քրեական գործի դատական քննության ընթացքում, չնայած դատարանի գործադրած ջանքերին, այդպես էլ դատարան չի ներկայացել: Ամբաստանյալը չի օգտվել իր դեմ ցուցմունք տվող անձին հարցաքննելու իրավունքից:

Դատարանը հատկանշական է համարել տուժողի քրոջ ցուցմունքը.  վերջինս նշել է, թե չի հավատում, որ Անուշին բռնաբարած լինեն, և  չի կարող ամբաստանյալին մեղադրել:

Գործում կա վկայություն, ըստ որի՝ Անուշը հրապարակայնորեն ասել էր, թե Հակոբին ութ տարի դատել է տալու, թող ութ տարի իրեն թագուհու պես պահեն դրա փոխարեն… Նա, ըստ վկայության, ասել է՝ թող Հակոբն ու Կամոն հանրակացարանում իր համար սենյակ առնեն, որ չբողոքի…

Դատական քննության ընթացքում պարզվել է, որ վկա Կամո Գ.-ն բացակայում է ՀՀ-ից:

Դատարանն արձանագրել է, որ այս գործով առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հակոբ Շ.-ն կատարել է մեղսագրված արարքը:

Դատարանը ապացուցված չի համարել Հակոբ Շ.-ի մեղքը  մեղսագրված արարքի համար և արձանագրել է, որ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Դատարանը ճանաչել և հռչակել է Հակոբ Շ.-ի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Դատարանը Հակոբ Շ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել  ու նրան արդարացրել է՝ նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: