Հայաստանում բուռն տարածում է ստացել ՄԻԵԴ որոշումը, որով մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ հայտնի փոփոխություններով հեռացվող դատավորների դիմումի միջանկյալ պահանջը, այն է՝ Սահմանադրության փոփոխության կասեցումը, որպես հիմնական դիմումի ապահովման միջոց:

ՄԻԵԴ-ը որոշել է մերժել հայցը, պատճառաբանությամբ, որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Դա անշուշտ չի նշանակում, որ մերժվել է դիմումն ամբողջությամբ: Այսինքն ՄԻԵԴ-ը դեռ կանդրադառնա այսպես ասած դիմումի հիմնական մասին եւ դեռ պարզ չէ, թե ինչ որոշում կլինի այդ առումով:

Բայց, փաստացի ստացվել է, որ ՄԻԵԴ-ը ճանաչել է Սահմանադրության փոփոխությունը, որ արել է խորհրդարանը ՍԴ կազմի առնչությամբ: Այդպիսով, Հրայր Թովմասյանն ու մյուս դիմումատուները կամա, թե ակամա արել են մի քայլ, որը բերել է խորհրդարանի կատարած փոփոխության լեգիտիմության բարձրացման՝ միջազգային ասպարեզի տեսանկյունից, որովհետեւ ներքին դաշտում քայլը կարծես թե չուներ լեգիտիմության խնդիր:

Այդպիսով, Հրայր Թովմասյանն ու դիմումատուները կամա, թե ակամա ծառայություն են մատուցում կառավարող մեծամասնությանը: Ունե՞ր մեծամասնությունը դրա կարիքը: Բարդ է ասել, որովհետեւ կատարվել է քայլ, որի պարագայում պետք է որ հաշվված լինեին հնարավոր բոլոր իրավական եւ քաղաքական ռիսկերը, այլապես կնշանակի, որ կա քաղաքական համարժեքության խնդիր:

Մյուս կողմից, հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի այդօրինակ որոշման կարիք ուներ Հրայր Թովմասյանը, որը հեռանալով ՍԴ նախագահի պաշտոնից, ըստ ամենայնի հայտնվելու է նախկին կառավարող համակարգին բնորոշ «ներքին փոխադարձ կասկածի» շրջապտույտում, հնարավոր արածի կամ չարածի համար:

Չի բացառվում, որ հարցը պատասխանատվության ավելի մեծ դաշտն է, ինչի մասին կարող է վկայել այն խոսուն հանգամանքը, որ մոտ մեկ տարի առաջ Հրայր Թովմասյանին այցելել էր ՌԴ դեսպանը՝ դրանից մեկ շաբաթ առաջ այցելելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե հազիվ թե ՌԴ դեսպանը ՍԴ այցելած լիներ Ռոբերտ Քոչարյանի համար: Նա կարող էր ՍԴ այցելել միայն Ռուսաստանի համար:

Մեծ հաշվով այդ շրջանից ծավալվեց նաեւ մեծ դիմակայությունը ՍԴ շուրջ, որում Հրայր Թովմասյանը թեեւ խոսում էր մինչեւ վերջ խրամատում մնալու հաստատակամության մասին, այդուհանդերձ նրա դիմադրությունը բոլոր դեպքերում բավականին «պասիվ» էր, խրամատին ոչ բնորոշ: Ավելին, կար տպավորություն, որ Հրայր Թոմասյանը սպասում է, թե երբ են իրեն հնարավորինս արագ դուրս բերելու, «ազատելու» այն խրամատից, որում հայտնվել էր բավականին բազմաշերտ քաղաքական հանգամանքների բերումով:

Իսկ «խրամատն» անշուշտ միայն ՍԴ նախագահի պաշտոնը չէ, որովհետեւ պաշտոնն անցնում է, իսկ հարցերը՝ մնում: Հրայր Թովմասյանի համար ըստ ամենայնի պետք էր ՄԻԵԴ այդօրինակ որոշում, նախկին համակարգի շրջանակում իր հասցեին հնարավոր հարցերը հետ մղելու համար: Ինքն ինչ անի, եթե ՄԻԵԴ-ն է ճանաչում փոփոխությունը եւ քանդում «խրամատը»: