Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ի երեկոյան հրապարակել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքի մասին որոշումը:

Ըստ այդմ, դատարանը բեկանել է Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, այն է՝ կալանքը որպես խափանման միջոց մերժելը, և գործն ուղարկել դատարան նոր քննության:

Այդպիսով, դատարանը կայացրել է որոշում, որն, ըստ էության, կարելի է բնորոշել միջինացված իրավիճակ, երբ թե՛ գայլերն են կուշտ, թե՛ ոչխարներն անվնաս: Դատախազության բողոքն, ըստ էության, բավարարվել է, սակայն Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չի փոխվել, այլ հարցն ուղարկվել է Ընդհանուր իրավասության դատարան:

Հնարավոր է ասել, որ Վերաքննիչ դատարանը պարզապես խուսափել է ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց:

Միայն հենց այն հանգամանքը, որ հուլիսի 8-ին ազդարարված որոշումը դատարանը հրապարակել է բավականին ուշ երեկոյան, արդեն իսկ վկայում է, որ դատարանը շատ է մտածել, այդ հասկացության, թերևս, ամենալայն իմաստով, բառի բուն և պատկերավոր իմաստով: Թե ինչ հանգամանքների բերումով է եղել այդ մտածումը, որքանով է այն առնչվել իրավականությանը և որքանով քաղաքականությանը, մնում է միայն ենթադրել: Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանը վարակված է կորոնավիրուսով և գտնվում է հիվանդանոցային հսկողության ներքո: Այդ հանգամանքը հարց է առաջացնում, թե արդյոք դատարանը կալանքի վերաբերյալ որոշում չի՞ կայացրել, որովհետև բարդ կլիներ այն իրագործելը, այսինքն՝ կորոնավիրուսային հիվանդին կալանավորելը կամ հիվանդանոցային, այսպես ասած, կալանքի ռեժիմ սահմանելը: Սրանք, իհարկե, այդ ենթադրության տիրույթի հարցեր են և փաստն այն է, որ գործը գնացել է Ընդհանուր իրավասության դաշտ:

Միևնույն ժամանակ կա մյուս հանգամանքը, այսպես ասած՝ զուգահեռ գիծը, որ զարգանում է ԲՀԿ ընտրակաշառքի պատմության շուրջ: Խոսքն այն մասին է, որ այդ ընթացքում, մինչ փաստորեն օդից կախված է մնում ԲՀԿ նախագահի խափանման միջոցի հարցը, նույն գործի շրջանակում կալանավորվում են նրա թիմակիցները, նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանն ու Վանիկ Ասատրյանը: Նրանք կալանավորվում են Գագիկ Ծառուկյանի՞ փոխարեն, այդ խնդրի, իհարկե, ոչ իրավական, այլ, այսպես ասած, բարոյական տեսանկյունից, թե՞, այդուհանդերձ, որևէ կապ չունի Ծառուկյանի խափանման միջոցը, և կալանավորվող նրա թիմակիցները՝ անկախ ամեն ինչից, ենթարկվելու էին այդ խափանման միջոցի կիրառմանը: Սրանք, իհարկե, հարցերն են, որոնց ստույգ պատասխան ակնկալելը, թերևս, ավելորդ է: Մի բան անկասկած է, որ Ծառուկյանի թիմակիցների պարագան, ըստ էության, վերածվում է քննության յուրօրինակ պլան Բ-ի, և առայժմ, կարծես թե, ավելի շատ աշխատում է պլան Բ-ն: