«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Սահմանադրական դատարանում քննվող դիմումի հիմքով կասեցնել Մարտի 1-ի գործի քննության վարույթը։ Հաջորդ դատական նիստի ժամանակ կքննարկվի հենց այդ միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը չեն հուսալքվել, որ Սահմանադրական դատարանը անգամ այս նոր իրողության պարագայում կարող է ինչ-որ բան անել հօգուտ իրենց։ Կարծես թե, ամեն ինչ արվում է Քոչարյանին հնարավորինս երկար ազատության մեջ պահելու համար։

Ներկայումս Քոչարյանն ազատության մեջ է, ու եթե դատարանը բավարարի նրանց միջնորդությունը՝ կասեցնի գործի վարույթը մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, ապա դա նշանակում է, որ Մարտի 1-ի գործով դատաքննությունը գնալով մշուշոտ է դառնում»։