Russia

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հուլիսի 29-ին տեղի ունեցավ Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող մի խումբ հայ արվեստագետների հանդիպումը, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին վերջին շրջանում Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների եւ դրանց արձագանքի համատեքստում:

Մշակույթը այն ուժն է, որը պետք է խաղաղ երկխոսության կոչ անի հանրությանը՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից՝ համոզմունք հայտնեցին հավաքվածները:

Հանդիպմանը ներկա էին ռոժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ Տիգրան Մանասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, դերասան Կարեն Անդրեասյանը, Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը, գրող-հրապարակախոս Ռոբերտ Բաբլոյանը, Մարկ Արենը եւ այլոք: Այսպիսով ստեղծվող «Հայ-ռուսական մշակութային կամուրջ» հարթակի նախաձեռնությունը հայտնի նկարիչ Աշոտ Թադեւոսյանինն է:

«Գաղափարը վաղուց կար, սակայն, գործուն քայլերի համար խթան հանդիսացան վերջին շրջանի իրադարձությունները, որնք տեղի ունեցան Մոսկվայում: Ես կուզենայի, որ այդ կամուջը ունենար ավելի լայն ընդգրկում՝ համախմբելով ոչ միայն, օրինակ, նկարիչներին այլ նաեւ մշակույթի մյուս թեւերի գործիչներին: Մենք պլանավորում ենք կազմակերպել կինոդիտումներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, տարատեսակ լսումներ եւ քննարկումներ: Այսօրվա շնորհանդեսով մենք առաջին քայլը արեցինք դեպի այդ նպատակի իրականացումը: Պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են այն մտավորականները՝ նաեւ երիտասարդ սերնդի մտավորականները, որոնք կարող են հարկ եղած պարագայում  իրենց ձայնը բարձրացնել եւ ազդեցություն ունենալ ինչ-ինչ խնդիրների լուծման հարցում»,- բացման իր խոսքում նշեց Աշոտ Թադեւոսյանը:

Հանդիպմանը ներկա էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որը կարեւորելով մշակույթի դերը հանրային դիվանագիտության մեջ, հույս հայտնեց, որ նախաձեռնությունը շարունական բնույթ կունենա, կներգրավի ռուսահայ համայնքի ողջ պոտենցիալը եւ կունենա կառուցողական նշանակություն:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն էլ իր հերթին ընդգծեց, որ հարթակի օգնությամբ փորձ է արվելու հասնել մշակութային երկխոսության, ինչը կարտահայտի արվեստի գործիչների վերաբերմունքը ընդանուր առմամբ այս կամ այն իրադարձության նկատմամաբ՝ լինի դա քաղաքական, հասարարական, թե մշակութային բնույթի, սակայն, դա չի նշանակում, որ մշակույթը քաղաքականացնելու նպատակ կա:

«Ես կարծում եմ, որ այսօր հասարակական տրամադրաությունների վրա ազդելու ամենահզոր գործիքը սոցիալական հարթակներն են եւ եթե մեզանից՝ մշակույթի գործիչներից յուրաքանչյուրը, լավ պատկերացնելով հայկական մշակույթի նշանակությունն ու կշիռը եւ դրա ազդեցությունը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում, սկսի բարձրաձայնել, հրապարակել ու տարածել այսպիսի հարթակների կաեւորության մասին՝ չտրվելով ավելորդ պրովոկացիոն գործուներության, ապա դա կլինի ավելի հզոր պատասխան այն ամենին, ինչ տեղի է ունենում եւ կունենա առավել գործուն նշանակություն: Ես վստահեցնում եմ, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում կա մշակութային էլիտայի այն շերտը, որի ձայնը կարող է լսելի եւ նշանակալի դառնալ, բայց, պետք է նշեմ, որ, ցավոք, այդ էլիտայի մեծ մասը այնքան էլ ակտիվ չէ հանրային հարթակներոմ, քանի որ իրական մտավորականները միշտ նախընտրում են ստվերում մնալ եւ ստացվում է, որ սոցիալական հարթակներում այսօր, ավելի բարձր է ոչ կառուցողական կոչերով հանդես եկողների ձայնը: Կարծում եմ, որ մտավորականությունը պետք է արտահայտի դիրքորոշում, քանի որ հատկապես հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում՝ մշակույթը ունի համախմբման ամենամեծ ուժը»,- ընդգծեց Վլադիմիր Գաբբեն:

Վլադիմիր Գաբբեն հայտնեց նաեւ, որ աշնանը դեսպանությանը կից մշակութային կենտրոնը պատրաստվում է անցկացնել խոշոր մասշտաբի մշակութային ֆորում, որտեղ հրավիրված կլինեն մեծ թվով հայ եւ ռուս արվեստագետներ, մտավորականներ, բժիշկներ, լրագրեղներ, գիտնականներ, որոնք իրենց ներկայությամբ եւ վերաբերմունքով կընդգծեն մշակույթի առանձնահատուկ նշանակությունը՝ հայ-ռուսական պատմական կապերի համատեքստում: