Erdoghan Putin

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Աստանայի ձեւաչափի հանդիպումը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմում, որի արդյունքում տարածվել է Սիրիայի վերաբերյալ հայտարարություն:

Մասնավորապես, երեք նախագահները նշում են, որ հաստատակամ են Սիրիայի ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջության հարցում: Նրանք խոսում են այն մասին, որ այդ սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման, եւ «որեւէ գործողություն, անկախ նրանից, թե ով է դրանք ձեռնարկում, չպետք է խաթարի դրանք»:

Խոշոր հաշվով, եռակողմ այդօրինակ արձանագրումը Սիրիայի հարցում հերթականն է, եւ մեծ է հավանականությունը, որ այն հերթական անգամ էլ չի պահպանվելու: Ինչի մասին կարող է լինել խոսքը, եթե Սիրիայի տարածքոմ առկա է թուրքական զորք: Եվ եթե ռուսական ու իրանական ներկայությունը առնվազն ֆորմալ իմաստով Դամասկոսի հավանությամբ է, ապա Թուրքիան Սիրիայում է առանց այդ հավանության:

Ըստ այդմ, քանի դեռ Թուրքիան Սիրիայում է, նշանակում է, որ խախտված է Սիրիայի տարածքային ամբողջությունը, միասնությունն ու ինքնիշխանությունը: Եռակողմ տեսավեհաժողովից հետո Թուրքիան թողնելու՞ է Սիրիայի տարածքը: Հազիվ թե: Իհարկե թե Մոսկվան, թե Թեհրանը շատ լավ են գիտակցում դա եւ արվող հայտարարությունների տողատակում անշուշտ քաղաքական հարաբերություններն են եւ ուժերի ռեգիոնալ դասավորության հարցերը:

Հատկանշական է թերեւս այն, որ եռակողմ Վեհաժողովի անհրաժեշտության մասին պնդումներ անում էր իրանյան կողմը, այն դեպքում, երբ Մոսկվան ու Անկարան գտնվում են հարաբերության պարզման թեժ փուլում: Թեհրանին թերեւս հաջողվեց նրանց ի վերջո բերել Վեհաժողովի: Ընդ որում հատկանշական է, որ դրանից առաջ Իրանի արտգործնախարարը եղավ թե Անկարայում, թե Մոսկվայում: Ավելին, Զարիֆի այցից առաջ Անկարայում տեղի էր ունենալու Լիբիայի հարցում ռուս-թուրքական հանդիպում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչը սակայն հետաձգվեց վերջին պահին:

Թեհրանն ըստ ամենայնի կասեցրել է խաղից դուրս մնալու գործընթաց, թեեւ մյուս կողմից՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի գրեթե ռազմականացված բախումը հաջորդեց խաղից դուրս մնալու նրանց զգացումին կամ մտավախությանը, որ հաջորդեց իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկա-իրանյան թեժ զարգացումներին: Այդ դիմակայությունը ստեղծում էր մի վիճակ, երբ Իրանը պետք է դառնար այսպես ասած ռեգիոնալ մոբիլիզացիայի կենտրոն, ինչին ստիպված էին լինելու հարմարվել Թուրքիան ու Ռուսաստանը:

Ըստ ամենայնի, դրանով էր պայմանավորված Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրումը, գործընթացներն իրենց ծրագրերին ենթարկելու, իրենց ծիր վերադարձնելու ձգտումով: Պատկերն իհարկե ամբողջապես փոխեց կորոնավիրուսի համաճարակը, թելադրելով իր պայմանները եւ Ռուսաստանին ու Թուրքիային դնելով արդեն ոչ միայն մերձավորարեւելյան, այլ համաշխարհային լայն խաղում լուսանցք մղվելու իրողության առաջ:

Թեհրանը փորձում է օգտագործել այդ պահը նրանց իր խաղի տիրույթ վերադարձնելու համար: Ստացվե՞լ է դա Թեհրանի մոտ, թե ոչ: Իրանի հաջողությունն այդ հարցում անկասկած շահեկան կլինի Հայաստանի համար: Ընդ որում, հատկանշական է, որ թերեւս հենց այդ հանգամանքով պայմանավորված անցնող օրերին Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիայով հայ-իրանական հարաբերությունը լարելու փորձ արվեց:

Բանն այն է, որ Հայաստանը մերձավորարեւելյան ուղղությամբ փորձում է կառուցել բազմավեկտոր կամուրջներ, մի կողմից ներգրավված լինելով Սիրիայում մարդասիրական առաքելության ձեւաչափով՝ ռուսական լոգիստիկ աջակցությամբ, մյուս կողմից ներգրավվելով Կրոնական ազատության դաշինք ամերիկյան նախաձեռնության շրջանակ, եւ միեւնույն ժամանակ գտնվելով Իսրայելի հետ հարաբերություն կառուցելու փուլում: Այդ համատեքստում, հայ-իրանական բարեկամական հարաբերության հանգամանքը հաշվի առնելով, պաշտոնական Թեհրանը ստանում է Հայաստանի միջոցով խաղի հավելյալ բազմաշերտ կառուցվածքի հնարավորություն: