us-russia

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջինիս նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել, որում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ խոսվել է լարվածության նվազեցման ուղղությամբ ջանքերը համադրելու մասին և նշվել, որ Արցախյան հակամարտության խաղաղ լուծումը չունի այլընտրանք: Հատկանշական է, որ խոսակցությունը փաստորեն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության առիթով, որ առաջացել էր ադրբեջանական սադրանքի հետևանքով, բայց Պուտինն ու Էրդողանը խոսում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են Արցախյան հակամարտությանն առնչվող որևէ բան, առարկայորեն քննարկում են, ու այդպիսով, ըստ էության, ձևավորում են Մինսկի խմբի եռանախագահությանը զուգահեռ, այսպես ասած, Մինսկի խմբի դե ֆակտո «երկնախագահական» ինչ-որ ձևաչափ: Այն, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան դժգոհ են Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից, բավականին նկատելի ու պարզ է վաղուց: Դժգոհության պատճառն էլ, թերևս, ԱՄՆ-ն է, որին Մոսկվան ու Անկարան փորձում են թույլ չտալ որոշիչ դեր ունենալ ռեգիոնում:

Ավելին, այսպես ասած, ռուսական աշխարհի կամ եվրասիականության ռուսաստանցի գաղափարախոսները անգամ բաց տեքստով են խոսում այն մասին, որ Մոսկվան ու Անկարան պետք է գործակցեն ԱՄՆ-ին ռեգիոնից դուրս մղելու համար, քանի որ, այսպես ասած, առանձին-առանձին անել դա չեն կարող: Դուրս մղել ԱՄՆ-ին ռեգիոնից, նշանակում է, ըստ էության, վերակենդանացնել հարյուրամյա ռեգիոնալ տրամաբանությունը, որի հետևանքը եղավ հայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Մեկ դար առաջ Մոսկվան ու Անկարան կարողացան դուրս թողնել ԱՄՆ-ին և բաժանել ռեգիոնը: Հայաստանի համար այդ նշանակությունն է ունենալու Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի բացակայությունը: Ըստ այդմ, Երևանը ոչ միայն պետք է դեմ լինի այդ ձևաչափը կասկածի տակ դնելուն, այլ գործնականում բավականին կոշտ արձագանքի դրան զուգահեռ դե ֆակտո որևէ ձևաչափի առաջացման ուրվագծերին: Ռուսաստանն ու Թուրքիան, անշուշտ, կարող են քննարկել ռեգիոնալ կայունությանն առնչվող հարցեր, բայց արցախյան հարցի քննարկում նրանց ձևաչափում Երևանի համար պետք է լինի բացարձակ մերժելի, եթե, իհարկե, այդ քննարկման օրակարգում մեկ հարց չէ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների տեղակայում և պատերազմի բացառման վերաբերյալ առանց որևէ նախապայմանի բազմակողմ համաձայնագրի ստորագրում, այսպես ասած, 3+1+1+1+2 ձևաչափով՝ Մինսկի խմբի համանախագահներ, Հայաստան, Իրան, Արցախ, Թուրքիա և Ադրբեջան: