AJ

Կառավարությունը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի առնվազն ևս մեկ ամսով: Այսինքն՝ Հայաստանը մինչև օգոստոսի կես կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը:

Հայտնի է, որ քաղաքական ընդդիմությունը թիրախավորում է այդ հանգամանքը՝ նշելով, թե իշխանությունը արտակարգ դրությունը պահպանում է լոկ այն պատճառով, որ սահմանափակի հավաքների ազատությունը և թույլ չտա իրենց անել հանրահավաք: Իշխանությունն իր հերթին նշում է, թե որևէ ուժ իրեն թող չվախեցնի հանրահավաքով, և դեռ հայտնի չէ, թե ով է ավելի շատ զսպվում հանրահավաք անելու հնարավորությունից: Այդ մասին հայտարարում էր վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի քանի շաբաթ առաջ: Դիտարկենք մի տարբերակ, երբ չկա արտակարգ դրություն: Դա նշանակում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը սկսելու են հանրահավաքներով պայքա՞րը, մեկը մյուսի դեմ հանրահավաքներ անե՞լը:

Այսինքն՝ հայկական քաղաքականության «կրեդոն» հանրահավա՞քն է, հայկական քաղաքական միտքը չի՞ բարձրացել դրանից ավելին, առավել ևս այն բանից հետո, երբ թավշյա հեղափոխությամբ, կարծես թե, պետք է փոխվեր այդ էջն ու անցում կատարվեր առավել լուրջ և խորքային քաղաքականության՝ բովանդակային և մշակութային իմաստով:

Որովհետև այդ համատեքստում, քաղաքական ուժերի համար բացարձակապես կարևոր չէր լինելու՝ կա՞ արտակարգ դրություն, թե՞ ոչ, որովհետև այսօր աշխարհում քաղաքականությունը սնուցվում է այնպիսի թեմաներով ու զարգացումներով, որոնք հանրահավաք չէ, որ պահանջում են, այլ գաղափարներ, մտքեր, հայեցակարգեր, դրանք բարձրաձայնելու քաղաքական կրեատիվ և քաղաքական պատասխանատվություն: Այդ իմաստով անհրաժեշտ է արձանագրել հայաստանյան քաղաքականության թիվ մեկ ամբիոնի, թիվ մեկ հարթակի տխուր պատկերն այն համաշխարհային համայնապատկերում, որ առկա է մեր շուրջը:

Հայաստանի խորհրդարանում, որը բարձրագույն քաղաքական հարթակն է, գրեթե չկա քաղաքականություն, այդ հասկացության բովանդակության իմաստով: Մեր շուրջն աշխարհակարգ է փոխվում, որտեղ առանցքային զարգացումներ են ծավալվելու հայկական խնդիրների, պատմա-քաղաքական իրավունքների շուրջ, որտեղ արդիական են դառնում հայկական պետականության համար առանցքային նշանակություն ունեցող ռուս-թուրքական պայմանագրերին առնչվող հարցերը, որտեղ լայն իմաստով դրված է հարցը, թե նոր աշխարհակարգում ինչ տեղ և դեր պետք է ունենա Հայաստանը, կարող է ունենալ Հայաստանը, քաղաքակրթական ինչ դիրքավորում պետք է ստանձնի մեր երկիրը, քաղաքական, գաղափարաբանական ինչ մոդելային և սցենարային հեռանկարներ պետք է պատրաստի, աշխարհակարգային վերափոխման այս փուլում շահողների, ոչ թե կորցնողների կամ հնարավորություն բաց թողնողների շարքում լինելու համար: Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանում խորհրդարանական քաղաքական ուժերը՝ կառավարող մեծամասնությունն ու իբրև թե ընդդիմություն մյուս երկու միավորներն ընդհանրապես: Միմյանց հանրահավաքների մեծությամբ սպառնալո՞վ: Մտքերի և գաղափարների մեծությամբ մրցակցելն ուժերից վե՞ր է: