Խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնությունը շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու մասին օրինագիծը: Նախատեսվում էր փակ տարածքում դիմակ չկրելու համար տուգանել 50 հազար դրամով, իսկ բաց տարածքում չկրելու համար՝ 20 հազար դրամով: Ներկայումս, ինչպես հայտնի է, տուգանքը 10 հազար դրամ է:

Այս հարցը բավականին քննարկելի է: Անկասկած է, որ Հայաստանում նախատեսված տուգանքի չափն ամենացածրներից է աշխարհում: Հարևան Վրաստանում անգամ չափը բազմապատիկ ավելի է: Ի դեպ, համարվում է, որ դա խաղացել է իր դերը և խիստ տուգանքների շնորհիվ է նաև, որ Վրաստանում կարանտինը եղել է արդյունավետ, և վարակի տարածվածությունը խիստ փոքր է: Իհարկե, դա չափել հնարավոր չէ: Խոսքը տուգանքի ազդեցության մասին է: Առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե որքանով է Վրաստանի պայքարի մեթոդը արդյունավետ ամբողջական իմաստով: Առավել ևս, երբ մենք տեսնում ենք, թե ամիսներ առաջ կորոնավիրուսը թվում է թե սանձած երկրները ինչպիսի նոր խնդիրների առաջ են կանգնում տնտեսությունը բացելուց հետո՝ Իսրայել, Հարավային Կորեա: Ըստ այդմ, մեթոդաբանության տեսանկյունից հարցերը խիստ քննարկելի են:

Այստեղ կա բոլորովին այլ խնդիրը, որը հատկանշական ցուցիչ է լայն իմաստով ներքաղաքական կյանքի և կառավարման որակի տեսանկյունից: «Իմ քայլը» հայտարարել է, որ քննարկումների արդյունքում հետ է վերցնում նախագիծը, որ լինելու էր արտահերթ նիստի օրակարգում: Հարց է առաջանում՝ իսկ նախագիծը ներկայացնելիս քննարկումներ չե՞ն եղել: Ովքե՞ր են եղել նախաձեռնողները, ո՞ւմ հետ են քննարկել: Որովհետև ստացվում է, որ կառավարող մեծամասնությունը նախ ազդարարում է նախաձեռնության՝ տուգանքի թանկացման մասին: Դա առաջացնում է հանրային մեծ դժգոհություն, քննադատություն, ընդդիմախոսություն: Հետո «Իմ քայլը» հայտարարում է, որ քննարկումների արդյունքում որոշել է հանել նախագիծը: Փաստորեն, նախաձեռնությունը առաջացնում է հանրային բացասական արձագանք, որից հետո «Իմ քայլը» նահանջում է: Ստացվում է կրկնակի քաղաքական «էֆեկտ», բայց բացասական իմաստով: Թվում է, թե լսեցին հանրության ձայնն ու հետ կանչեցին նախաձեռնությունը: Բայց դա պարզունակ մեկնաբանություն է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության տրամաբանությունն ավելի պարզ է:

Հանրային գիտակցության մեջ արձանագրվում է, որ վատ մեծամասնությունը ուզում էր բարձրացնել քաղաքացիների գլխին տուգանային նոր մահակ, բայց դժգոհությունը ստիպեց նահանջել: Ըստ այդմ, մնում է ոչ թե բարի, հանրության դժգոհությունը հաշվի առնողի վերաբերյալ մտայնությունը, այլ մտայնությունը, որ քաղաքացիները հաղթեցին մեծամասնությանը, որը, ունենալով քաղաքացիների քվեն, ամեն հարցում վազում է տուգանքի ճանապարհով: Երբ այդ մեծամասնության առաջնորդն է հայտարարել դեռ ընդդիմություն եղած ժամանակ, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ըստ այդմ, պարզ մի դրվագից հետո առաջանում է հարց, թե ո՞վ է պատասխանատու «Իմ քայլը» մեծամասնությանն ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հասցված քաղտեխնոլոգիական կամ փիառտեխնոլոգիական հարվածի համար: Ինչ-որ նախկին իշխանավոր եկել և «Իմ քայլ»-ից որևէ մեկի գրպա՞նն էր թաքուն գցել տուգանքների թանկացման նախաձեռնությունը, թե՞ գործ ունենք հերթական մի իրավիճակի հետ, որն արտացոլում է խորհրդարանական մեծամասնության շարքում առկա խորքային խնդիրներ: Մինչդեռ, այս դեպքում հնարավոր է պարզապես հետ կանչել տուգանքի բարձրացման նախաձեռնությունը, և կանցնի, կգնա, բայց կան հարցեր, որոնց պարագայում այդ խնդիրների արտացոլումը կարող է և չլինել «անցողիկ» կամ «հպանցիկ»: Մի բան, որի ականատեսն, ըստ էության, եղանք նաև ՍԴ շուրջ զարգացումներում, որոնք դեռևս «հում» են մինչ այժմ: Մինչդեռ խոսքը 70 տոկոս վստահությամբ խորհրդարանական մեծամասնության մասին է, որն այլևս պարտավորված է իր ընտրողի առաջ ոչ թե հեղափոխական եռանդով, այլ քաղաքական հասունությամբ և պատասխանատվությամբ: