Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակում Հրայր Թովմասյանը տեղը զիջել է Ալվինա Գյուլումյանին, որը սահմանադրական դատարանի փոխնախագահն է:

Թովմասյանը, ինչպես հայտնի է, գնացել է արձակուրդ: Նրա փոխարեն «մահապարտի» դերում է հայտնվել Գյուլումյանը, որը մի կողմից հայտարարում է այն մասին, որ բոլորովին մտադիր չէ մնալ ուժով, մյուս կողմից սակայն չի թողնում դատավորի կարգավիճակը:

Կա՞ հավանականություն, որ փորձ է արվում օգտագործել բազմափորձ դատավոր Ալվինա Գյուլումյանի սկզբունքայնությունն ու նրան վերածել «քաղաքական մահապարտի»: Դա հարց է, որն ունի գոյության իրավունք, հաշվի առնելով այն ամբողջ քաղաքական շրջապտույտը, որ ծավալվել է ՍԴ հարցի շուրջ: Նախկին կառավարող համակարգն ակնհայտորեն կառուցել է քաղաքական համառ պաշտպանություն, որտեղ բարիկադի վրա Հրայր Թովմասյանն էր: Ներկայում նրան փոխարինել է Ալվինա Գյուլումյանը:

Նախկին համակարգը նրանից ուզում է ստանալ Ժաննա դ՛Ա՞րկ: Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ Սահմանադրական դատարանը չէր ընտրում փոխնապագահ՝ պաշտոն, որ նախատեսված էր նոր Սահմանադրությամբ: Այդ ընտրությունը ՍԴ-ն կատարեց 2019-ի հունվարին, փոխնախագահ ընտրելով Ալվինա Գյուլումյանին:

Այդ առնչությամբ Իրադարձություն, որ մնաց ողբերգական մահվան ստվերում հոդվածում, դիտարկել էի, որ դա կարող է լինել մարտավարական քայլ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակում պայքարի տրամաբանության շրջանակում: Այն պայքարի, որի մեջ էր Հրայր Թովմասյանն ու որը գործնականում օրերս խոստովանել էր նաեւ նրա մի խորհրդական, ասելով, որ խնդիր էր դրված դիմադրել առավելագույնս եւ իշխանությանը մղել հարցի լուծման հակաիրավական ճանապարհ:

Դա մի կողմից իհարկե տարօրինակ խոստովանություն է, մյուս կողմից այդ մարտավարությունը բավական նկատելի էր, ըստ այդմ ներկայում առաջանում է հենց այդ հարցը՝ արդյոք «բարիկադի վրա» Հրայր Թովմասյանին փոխարինում է Ալվինա Գյուլումյանը, եւ այդ հանգամանքը նրա համար անակնկա՞լ, թե սպասված քայլ է: Դա պարզ կլինի իհարկե այն գործողություններից, որ կանի Ալվինա Գյուլումյանը ներկայիս իրավիճակում:

Եթե հարցը շարունակում է լինել ոչ թե ընդամենը տեխնիկական ֆորմալության, այլ այն մարտավարության շրջանակում, որի նպատակը քաղաքական մեծամասնությանը հնարավորինս արմատական քայլի դրդելն է, ապա Ալվինա Գյուլումյանն ունի հսկայական կենսափորձ եւ մասնագիտական կարողություն, իրավիճակը հասկանալու եւ որեւէ խմբային նպատակի «զոհ» չդառնալու համար, եթե անգամ որեւէ մեկը կարող է կանգ չառնել նրա հանդեպ այդ բարոյահոգեբանական հնարքի առաջ:

Այն, որ նա հայտարարել է իր իրավունքը մինչեւ վերջ, ընդհուպ ՄԻԵԴ պաշտպանելու մասին, միանգամայն ողջունելի է՝ անցնել իրավունքի պաշտպանության դատական, եւ ոչ թե քաղաքական խմբակային ճանապարհով: