Ոչ թե Հայաստանի Առողջապահության նախարարությունն է ի սկզբանե կոչ արել դիմակներ չկրել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե ինֆորմացիան եղել է այսպես, որ դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց խնամողները, որովհետև դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց։ Հետո փոխվել է որոշակի գիտելիք ու իրավիճակ։ Կար նաև երկրորդ խնդիրը՝ երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, դիմակ կրեք, իսկ խանութներում ու դեղատներում դիմակ չկա։ Այդտեղ հարց չի առաջանո՞ւմ՝ այդ ի՞նչ կոչ է։ Դրա համար պետք էր նաև դիմակների սպառումը զսպել, որպեսզի հիվանդանոցներում գոնե բժիշկները կարողանան դիմակ ունենալ»,- ասաց նա։

Անդրադանալով Հայաստանում թույլ տրված սխալներին՝ վարչապետն ասաց, որ աշխարհում կորոնավիրուսի 10 մլն դեպք է գրանցվել։

«Լավ, Հայաստանի առողջապահության նախարարությունը ենթադրենք սխալ հայտարարություն է արել, բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություններ արել։ Եվ համաճարակն այսօր աշխարհում ծավալվում է, ո՞ւմ սխալ հայտարարության կամ չարած գործողության հետևանքով է այդ վարակը տարածվել»,- հարցադրում արեց նա։ Ըստ Փաշինյանի՝ եղել է բանավեճ՝ պետք է գնալ միայն առողջապահական ճանապարհո՞վ, թե՞ նաև տնտեսական գտործոնը պետք է հաշվի առնել։

«Ապրիլին մեր երկրում փակվել է 70 հազար աշխատատեղ։ Եվ մենք այս փաստի հետ պետք է առնչվեինք, ի՞նչ պետք է ասեինք, ասեինք՝ թող մեր երկրում փակվի 300, 400, 500 հազար աշխատատե՞ղ։ Պետք է ասեինք՝ ոչինչ, թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց։ Այո, մեր էքստրեմալ գործողությունների արդյունքում մայիսին արդեն 50 հազար աշխատատեղեր վերականգնվել են։ Բայց այդ քաղաքականության արդյունքում էր, որ սկսեցին աճել այդ հիվանդության թվերը։ Բայց ես ուզում եմ ասել, որ այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չմնա, և մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակում են ծավալվել»,- նշեց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը կբացվի Սպիտակի ԲԿ-ն՝ 100 մահճակալով, առաջիկայում նաև կորոնավիրուսով հիվանդների համար 50 մահճակալանոց բաժանմունք կբացվի Մարտունու ԲԿ-ում, շուրջ 60 մահճակալ կծավալվի «Մեդլայն» ԲԿ-ում։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այս հարցում դուրս գալ քաղաքական շահարկումներից։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է Հայաստանում մասնագետների կարծիքը հաշվի առնվում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչո՞ւ մասնագիտական խորհուրդ չի ձևավորվում։

«Հայաստանում մասնագետները գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում, այսինքն՝ աշխատում են այդ համակարգում։ Բացի այդ, մենք մի քանի այդպիսի քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնել ենք, մասնավորապես, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի աջակցությամբ և պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը կհավաքագրի առաջարկները և դրանք կփոխանցի պարետատուն»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա ոչ մի փակ նորություն։ «Այսինքն՝ ամբողջ ինֆորմացիան բաց է՝ ի՞նչ է պետք անել չվարակվելու համար։ Եվ նաև մեր մասնագետներն ըստ էության ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հիմա գիտեք նաև, որ օտարերկրյա բժիշկներ են գալիս, Սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք տարբեր քննարկումներ ունենում։ Այնպես որ, մենք այսօր չունենք խնդիր՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար։ Մենք ունենք խնդիր՝ կանոնները պահպանելու տեսակետից, որովհետև այսօր բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս, որ դիմակ կրենք, պահպանենք սոցիալական հեռավորությունը, բայց մենք ամեն օր ունենում են մինի ճգնաժամեր կամ մաքսի ճգնաժամեր։ Այսօր չկա այնպիսի տեղեկատվություն, որ մենք չգիտենք, թե ինչ է պետք անել համավարակի դեմն առնելու համար։ Դա բաց տեղեկատվություն է այլևս, խնդիրը առկա կանոնները պահպանելու մեջ է։ Իսկ մասնագետների հետ մեր շփումները շարունակվում են և կշարունակվեն»,- հավելեց վարչապետը։

Այս տարվա հունիսին Հայաստանում գրանցված մահերը, նախորդ տարվա նույն ամսի համեմատ, ավելացել են մոտ 30 տոկոսով։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա դրությամբ ունենք 10 հազար 900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում։ Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակը առանձնապես ծանր է։ 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի։ Ես նախկինում տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին հինգ ամիսների մեր ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք է, այսինքն՝ մենք ավելի քիչ մահեր ենք ունեցել, քան նախորդ տարի։ Ցավով պետք է տեղեկացնեմ, որ այդ վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է, և հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այս մահերը ոչ ամբողջությամբ են կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակն էականորեն նպաստում է այդ գործոնին։

«Ո՞րն է մեր ռազմավարությունը այս խնդրի լուծման գործում՝ մենք շարունակում ենք հիմնական շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխության վրա, որովհետև դա է այն ճանապարհը, որով մենք կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարենք նվազագույն տնտեսական կորուստներով»,- հավելեց Փաշինյանը։