«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք և ելքի հետ կապված հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար:

Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու և ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել և առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը:

Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»: